«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄՅՈՒՆԽԵՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Օգոստոսի 1-15-ը Մյունխենում տեղի ունեցավ Հոլոքոսթին նվիրված միջազգային երիտասարդական համաժողով եվրոպական եւ ամերիկյան մի շարք երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացված էր «Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն » (ACE) հասարակական կազմակերպության 8 անդամներով, ովքեր հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ են: Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության երիտասարդության հարցերով զբաղվող նախարարության ջանքերով եւ օժանդակությամբ: Մեր կազմակերպության ներկայացուցիչների առաջարկով քննարկումներում ընդգրկվել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Համաժողովի որոշմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ քննարկումներ են ընթացել աշխույժ մթնոլորտում: Հանդիպման մասնակիցները, հատկապես գերմանացի երիտասարդները, աչքի են ընկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությամբ:

Համաժողովի մասնակիցները միաձայն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որակելով այն որպես մարդկության դեմ ուղղված խոշոր հանցագործություն:

Ի դեպ, մինչ Գերմանիա մեկնելը մեր ուսանողները վերոհիշյալ թեմայով մասնագիտական վերապատրաստում են անցել ՀՀ սփյուրքի նախարարությունում, որը մեծ դեր է խաղացել համաժողովի քննարկումների ժամանակ հարցը պատշաճ մակարդակով եւ ճշգրիտ անգլերենով ներկայացնելու գործում:

Հայաստանի ուսանողության մասնակցությունը նման միջոցառումներին կարեւոր նշանակություն ունի հայ եւ օտարերկրյա ուսանողների մերձեցման, միջազգային շարժումներին ինտեգրման գործում, որը եւ «Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն» (ACE) հասարակական կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, ACE երիտասարդական կազմակերպության նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4