«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ աշնանը քաղաքական զարգացումներում փոփոխություն տեղի չի ունենա, քանի որ հաղթահարված չէ ճգնաժամը: Այն սկսվեց մարտի 1-ին, հետո իշխանական էլիտան իր մեջ ուժ չգտավ ասելու, որ իսկապես քաղաքական ճգնաժամ կա եւ ժամանակի ընթացքում ավելի կխորանա: «Քաղաքական ճգնաժամ կա, որովհետեւ մարտի 1-ի մարդասպանները ազատության մեջ են ու վտանգում են ժողովրդի անվտանգությունը: Ճգնաժամը ոչ միայն չի վերացել, այլեւ ոչինչ չի արվել հաղթահարելու համար», նկատում է Լարիսա Ալավերդյանը: «Ժառանգության» պատգամավորը վստահ է, որ աշնանը քաղաքական կյանքում պահանջված թեժություն տեղի չի ունենա, որովհետեւ վերադասավորումները եւ քաղաքական կոալիցիայում տատանումները ցույց են տալիս, որ նրանք միասնական չեն: Ալավերդյանը խոստովանում է, որ ընդդիմադիրներն էլ միասնական չեն, ավելինՙ պատրաստ չեն միասնական գործելու:
«Ժառանգություն»-ՀԱԿ-Դաշնակցություն միավորման վերաբերյալ Ալավերդյանի կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն: ԱԺ պատգամավորը նկատեց, որ վերոնշյալ երեք կուսակցությունները տարբեր ժամային գոտիներում են գտնվում, ժամացույցները տարբեր ժամեր են ցույց տալիս, սակայն որեւէ մեկին չմեղադրեց հետ կամ առաջ ընկնելու համար: Դաշնակցության հետ «Ժառանգությունը» համամիտ է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջը, իսկ ՀԱԿ-ի հետ` մարտյան դեպքերի բացահայտման: Բայց այստեղ էլ կան տարբերություններ, օրինակՙ ՀԱԿ-ը երկիրը ճգնաժամից ազատելու գլխավոր խնդիր տեսնում է իշխանափոխության մեջ, «Ժառանգությունը»` համակարգային փոփոխությունների: Ալավերդյանը հավելում է, որ իշխանափոխություն եղել է, սակայն համակարգում նույն մարդիկ են մնացել:
Սպասում են Ռաֆիկ Պետրոսյանի պարզաբանմանը
Եթե ամռան ամիսներին տեղական քաղաքական դաշտում մի քանի իրադարձություն առանձնացնենք, դրանց մեջ անպայման կլինի ՀՀԿ-«Ժառանգություն» հակամարտությունը: Նախ Գալուստ Սահակյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակով, այնուհետեւ` Ռաֆիկ Պետրոսյանի եւ Լարիսա Ալավերդյանի: Մի քանի օր առաջ ՀՀԿ պատգամավորը կրկին անդրադարձել էր խորհրդարանական միակ ընդդիմադիր կուսակցությանը` նշելով, որ նրանք «օտարերկրյա պետությունների պատվերն են կատարում»:
«Պահը հասել է, որ իմանանք Հայաստանում բոլորի՞ն են դատում սուտ մեղադրանքի համար, թե՞ միայն Սարգիս Հացպանյանին: Ռաֆիկ Պետրոսյանն այդպիսի հայտարարություն կատարելուց հետո պետք է ներկայացնի ապացույցներ: Նա գիտնական է, փորձառու քաղաքական գործիչ, որին չի սազում նման հայտարարություններ անելը: Թող արձագանքի այս ասուլիսին եւ ներկայացնի իր ապացույցներն ու ասի, թե մենք ո՞ւմ եւ ո՞ր պետության պատվերն ենք կատարում», ասաց Լարիսա Ալավերդյանը: Վերջինս նաեւ մտածում է, թե գուցե այս կերպ իշխանությունները ցանկանում են իրենց ինչ-որ պաշտոն շնորհել:
«Չլինի, որ Արթուր Բաղդասարյանին անվանեցին շպիոն, հետո դարձրին անվտանգության խորհրդի նախագահ, հիմա, ասում եմ, կարող է մի նման ծրագիր էլ «Ժառանգության» հետ է կապված: Նախապես ասեմ, որ «ժառանգությունը» նման գործարքների չի գնում: Որ կողմից էլ նայում ես, անհեթեթ եւ այդ անձի համար ոչ հարիր հայտարարություն է», նկատեց Ալավերդյանը: ժառանգությունում քննարկում են հարցը դատարան դիմելու գաղափարը, սակայն առայժմ կսպասեն ապացույցներին, «մանավանդ որ գիտենք, թե դատարան դիմելիս դատավորներն ինչպես են վարվում»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ