Մեկամյա վերականգնողական աշխատանքներից հետո արվեստասեր հասարակությունը կարող է հմայվել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարով, որն, ինչպես խոստովանում են մասնագետները, բնօրինակից ոչնչով չի տարբերվում: Որմնանկարի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին: Մինչ այդ «Նովոստի» մամուլի կենտրոնում Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն ու իտալացի մասնագետներն անդրադարձան Մինասի որմնանկարների առանձնահատկություններին ու խնդիրներին:
«Թորոս Ռոսլինի ծնունդը» ութ որմնանկարներից մեկն է, որ երկրաշարժից հետո գտնվում էր սարսափելի վիճակում: Որմնանկարը ստեղծվել էր 1973-ին` էլեկտրատեխնիկայի ճաշարանի մասնաճյուղի պատին: Արման Ավետիսյանը պատմում է, որ այդ ստեղծագործություններին որեւէ ուշադրություն չի հատկացվել, ավելի քան քսան տարի գտնվել են փլատակների կողքին: Խոնավ ու ցուրտ պայմանների պատճառով շատերը վնասվել են: «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարն ունեցել է 20 տոկոսի կորուստ, ինչը հնարավոր չէր վերականգնել: Որմնանկարը վերականգնողները` իտալացի մասնագետներ Ֆաբրիցիո Յակոպինին եւ Լորենցո Կասամենտին, Հայաստան են այցելել 3 անգամ: «Մինասը կիրառել է միամիտ գույներ, սակայն դրանց համադրությամբ հասել է այնպիսի տպավորության, որը միայն մեծ նկարիչներին է բնորոշ: Երբ պատից պոկեցինք որմնանկարը եւ սկսեցինք աշխատել վերականգնելու ուղղությամբ, հասկացանք, որ տարբերվում է մեր նախորդ վերականգնած գործերից հենց գույների ընտրությամբ», նկատում է Յակոպինին:
«Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման ընթացքի վերաբերյալ վավերագրական ֆիլմ է նկարահանվել: Այժմ ընթանում են վերջին աշխատանքները, շուտով ֆիլմը կհանձվի հանդիսատեսի դատին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին Գյումրիում, այնուհետեւ կցուցադրվի Մոսկվայում նախատեսված Մինասի ցուցահանդեսի շրջանակներում:
Գարնանը նախատեսվում է սկսել Մինասի «Արմենիա» որմնանկարի վերականգնման աշխատանքները. այժմ նախարարությունում քննարկում են, թե բավական մեծ չափեր ունեցող որմնանկարը որտեղ պետք է տեղադրեն պատից պոկելուց հետո: Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանին մտահոգում է նաեւ խնդրի ֆինանսական կողմը: Ընդհանուր առմամբ 10 մլն դրամ է ծախսվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման համար: Հատուկ նյութերը պատվիրել են Իտալիայից: Մինասի մնացած որմնանկարները վերականգնելու նպատակով նախարարությունում որոշել են դիմել մի շարք բարերարների` աջակցության ակնկալիքով:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ