«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ, ՀԵՏԱԶՈՏՈՂԸ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Անցած շաբաթը զարյանական կարելի է համարել: Բացվեց հայր եւ որդի Կոստան եւ Արմեն Զարյանների հուշատախտակըՙ Աբովյան 17 հասցեում: Մի փոքր վաղ լույս էր տեսել գրողի «Բառերի ոսկին» բանաստեղծական ստվար ժողովածունՙ պետպատվերի շրջանակներում («Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատ.): Ուրբաթ օրը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Արմեն Զարյանի աշխատանքների ցուցահանդեսը, ներկայացվեց նորընծա «Արմեն Զարյան. ճարտարապետ, հետազոտող, մտավորական» գիրք-ալբոմըՙ հեղինակի ծննդյան 95-ամյակի առթիվ հայերեն եւ իտալերեն լեզուներով:

Թանգարան-ինստիտուտի սրահում Արմեն Զարյանը ներկայացված է խոշոր պաստառներովՙ կենսագրական էջերով, եւ ստեղծագործության առանձին փուլերովՙ ավստրիական շրջան (1946-49), Մարրոկոյի (1950-54), իտալական (1963 եւ հետո), հայաստանյան շրջան (1964-ից):

Արմեն Զարյանին նվիրված գիրքը տպագրվել է պետպատվերով («Գրաբեր» հրատ. «Զանգակ-97» տպարան), Զարյան ընտանիքի նախաձեռնությամբ, ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աջակցությամբ եւ գիտխորհրդի որոշմամբ, խմբագրությամբ Ռուզան Զաքարյանի:

Գրքիՙ պայմանական երկու ծավալուն բաժինները ներկայացնում են շուրջ երկու տասնյակից ավելի հայ եւ օտար հեղինակների (Աշոտ Հայկազունի Գրիգորյան, Մուրադ Հասրաթյան, Ադրիանո Ալպագո Նովելլո, Պաուլո Կունեո, Լեւոն Չուքասզյան, Լեւոն Զեքիյան, Ռուզան Զաքարյան, Վիգեն Ղազարյան, Աղասի Այվազյան, Մարկո Կլեմենտե եւ այլք) հոդվածներՙ Արմեն Զարյանի ճարտարապետության, նրա մտավորական եւ մարդկային նկարագրի մասին: Հաջորդ բաժնում զետեղված են ճարտարապետի աշխատանքային, անձնական լուսանկարներից եւ նրա ստեղծագործություններից մի շարքՙ նախագծեր, շինարարական կառույցներ:

Ցուցահանդեսը բացեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը : Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորեց արժեքների ճշմարիտ գնահատման չափանիշների պահպանումը, ի մասնավորի Կոստան Զարյանի եւ նրա ընտանիքիՙ մշակութային ժառանգությունն ազգային հարստություն համարեց: Նա տեղեկացրեց նաեւ, որ մշակույթի նախարարությունը պատրաստակամ էՙ ստանձնելու Կոստան Զարյանի մասին կնոջՙ Թագուհի Զարյանի անտիպ հուշերի հրատարակությունը:

Արմեն Զարյանին հանգամանորեն ներկայացրեց որդինՙ ճարտարապետ Արա Զարյանը : Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպանը, նա նույնպես ողջույնի, գնահատման խոսք ասաց:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4