Թատերական կյանքը Երեւանում բուռն կերպով կմեկնարկի աշնանը: Սեպտեմբերի 8-20-ը կմեկնարկի Շեքսպիրյան փառատոնը: Երկու տարի էՙ փառատոնն ընդլայնել է շրջանակները: Շարունակելով բարի ավանդույթը, բացի մոնոներկայացումներից, հանդիսատեսի դատին կներկայացվեն նաեւ մեծ կտավի գործեր: Այս տարվանից փառատոնը կկրի հանրաճանաչ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Իրանից:
Առանձին ծրագրով նախատեսված է ներկայացնել Ալեքսանդր Կալյագինի «Ուբյու թագավոր» եւ Իրինա Բրուկի «Դոն Կիխոտ» ներկայացուները: Կրկին փառատոնի պատվավոր հյուրերի ցուցակում է Լեհաստանի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անջեյ Ժուրկովսկին: Վերջինս կներկայացնի շեքսպիրյան ներկայացումների տեսագրությունների ցուցադրություններ` իր մեկնաբանությամբ: Կլինեն նաեւ թատերական հանդիպումներ Art Bridge ակումբում:
Սեպտեմբերի 14-ից մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը Երեւանում կանցկացնեն Reading fest-process հայ արդի դրամատուրգիային նվիրված բաց փառատոն:
Թատերական միջոցառման նպատակն է ի հայտ բերել հայ հեղինակների ստեղծագործությունները, բացահայտել նոր անուններ, նպաստել ստեղծագործողների եւ բեմադրիչների համագործակցությանը:
Հ. Հ.