«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ «ԱԿՆԱՐԿՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԸ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ ճանաչված արվեստագետ, նկարիչ Քաջազունի Քեչեճյանի այրուն` գրականագետ, «Քաջազ» գրքի հեղինակ Սաթենիկ Քեչեճյանին, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանին եւ փոխտնօրեն Աննա Ասատրյանին:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արվեստի ինստիտուտում բացված սփյուռքի բաժինը նախարարության հետ համատեղ իրականացնում է «Ակնարկներ սփյուռքահայ արվեստի պատմության» մատենաշարի հրատարակումը: Արարատ Աղասյանի հեղինակած առաջին հատորը` «Քաջազի մոգական կանթեղը» վերնագրով մենագրությունը, նվիրված է լինելու նկարիչ Քաջազունի Քեչեճյանի կյանքին եւ ստեղծագործությանը:

Արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Աղասյանը եւ տիկին Քեչեճյանն իրենց շնորհակալությունը հայտնեցին տիկին Հակոբյանին` մատենաշարի եւ մասնավորապես ճանաչված նկարչին նվիրված հատորի լույսընծայմանը աջակցելու, ինչպես նաեւ գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար:

«Մենք մեզ հետ մի փոքրիկ Հայաստան ենք տարել Գրինվիչ, ամուսնուս ստեղծագործությունները հայ ստեղծագործ մտքի արտացոլանքն են կտավներում, իսկ այդ նկարները զարդարում են Ամերիկայի մեր բնակարանը»: Նշվեց, որ այս արվեստագետի մասին բազմիցս է գրվել, սակայն նման մենագրություն, որն ամբողջությամբ ընդգրկեր ճանաչված սփյուռքահայ արվեստագետի կյանքն ու գործունեությունը, առաջին անգամ է:

Սփյուռքի նախարարն իր գոհունակությունը հայտնեց արվեստագետների ընտանիքին, որոնք տարիներ շարունակ աջակցել են Արվեստի ինստիտուտին, Երվանդ Քոչարի թանգարանին եւ հայաստանաբնակ բազմաթիվ մտավորականների` հատկապես ստեղծագրործությունները հրապարակելու գործում:

«Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է, մենք անում ենք ամեն հնարավորը` օտար երկրներում մեր հայրենիքի անունը բարձր պահող մտավորականներին աջակցելու համար», եզրափակեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4