Շիրակի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունից
Հանրակրթության նոր օրենքը հստակ ամրագրում է մասնավորապես այն դրույթը, որ կրթության ընդհանուր մատչելիության, շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է, որ հանրակրթության յուրաքանչյուր բաղադրիչ, օղակ հավասարապես կարեւորվի: Շիրակի մարզի մանկավարժների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունում իր զեկուցման մեջ նշելով այս մասին, մարզային կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը հատուկ կանգ առավ նախակրթարանների խնդրի վրա` դրանք դիտարկելով որպես հանրակրթության կարեւոր բաղադրիչ մաս, հիմնային օղակ եւ առաջին փուլ` ի տարբերություն խորհրդային շրջանի ավելի համեստ խնդիրներ ունեցող նախակրթարան-մանկապարտեզների:
Թերեւս այս նոր գործառույթի ըմբռնումով էր պայմանավորված անցյալ տարի կրթության որակի եւ համապատասխանության վարկային ծրագրի շրջանակներում, ԿԳ նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ մարզում զարգացման մի նոր մոդելի կիրառումը, այն է` Ախուրյանի նախկին վարչատարածքի 12 համայնքներում նախակրթարանների վերաբացումը` կենտրոնի 60 տոկոս եւ տվյալ համայնքի 40 տոկոս ֆինանսավորմամբ: Ընդ որում, համայնքն այդ 40 տոկոսը կարող էր ներկայացնել նաեւ աշխատուժի, շինանյութերի եւ այլ տեսքով... Պրն Մինասյանի գնահատմամբ` խնդիրը լուծվեց, որովհետեւ «մենք կարողացանք տեսնել եւ ամրագրել այն միասնական հայեցակարգը, այն նպատակը, որին այսօր ծառայելու են մեր նախակրթարանները»:
Կրթության վարչության պետը, խոսելով միջնակարգ կրթության համակարգի ներկա խնդիրների մասին եւ այստեղ էլ կարեւորելով նպատակների ու գործառույթների նորովի ընկալման կարողությունը, անդրադարձավ ամեն մի դպրոցի, մանկավարժի, աշակերտների ներքին ու արտաքին գնահատման հարցերին: Մասնավորապես նշվեցին իրականացվող փոփոխությունների ընթացքում դպրոցի տնօրենների կողմից այս կամ այն ուսուցչին, իր համար «անցանկալի» անձին կամայականորեն աշխատանքից ազատելու եւ ուրիշով փոխարինելու, թեկուզ թերությունների համար «հաշվեհարդարի» անթույլատրելիությունը, թերություններն ուղղելու եւ դեպի զարգացում տանելու երաշխավորված, ծրագրային մոտեցումներ ունենալու անհրաժեշտությունը, դպրոցում տղամարդ ուսուցիչների պակասը եւ դա հետզհետե մեղմելուն նպաստող քայլերը, որոնցից մեկը կարող է լինել նոր օրենքով լեռնային, բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերում աշխատողների աշխատավարձերի նախատեսվող մինչեւ 50 տոկոս հավելումը: Միաժամանակ ասվեց նաեւ, թե դրույք-ուսուցիչ հարաբերակցության շարունակվող նվազմամբ պայմանավորված` մանկավարժների «տեղին կրճատումներ» արվել են, սեպտեմբերին նոր դասաբաշխումներից հետո, ըստ ամենայնի, էլի կլինեն:
Շիրակցի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցում էր եւ ելույթ ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը : Պրն Աշոտյանը բարի լուրով սկսեց խոսքը` տեղեկացնելով, որ նկատի ունենալով Շիրակի մարզում իրականացված փորձնական ծրագրի հաջողությունը, նախարարությունը կառավարությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, ըստ որի բոլոր այն համայնքներում (հանրապետությունում 19 համայնք), որտեղ նախադպրոցական կրթությունը կազմակերպվել է նոր ծրագրով, հանրակրթական դպրոցների հենքի վրա, հաջորդ տարվանից այդ դասարանների ծախսերը ներառված են լինելու 2010 թ. պետական բյուջեում որպես աշակերտ-թվով ֆինանսավորում: Համաշխարհային բանկի հետ կնքած նոր համաձայնագրի շրջանակում նախատեսվում է այդ ծրագիրը ներկայացնել հանրապետության արդեն 140 համայնքներում: Նախարարն իր ելույթում մի շարք կողմերով ներկայացրեց հանրակրթության բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ