Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրերի հանդիպումներում բավական հետաքրքրական իրադարձություններ են արձանագրվում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ տուրում, անկանխատեսելի եւ մեծ անակնկալ էր: Խոսքը «Կիլիկիա»-«Միկա» հանդիպման մասին է, որում առաջնության հետնապահներից մեկն արդեն առաջին խաղակեսում 3 անպատասխան գնդակ էր խփել առաջատարների շարքում գտնվող «Միկայի» դարպասը: Մինչ այդ հանդիպումը, թիմերի միջեւ անցկացված մրցախաղերում «Կիլիկիան» ընդամենը մեկ անգամ էր հաղթել «Միկային» (2000-ին` 3-2): Իսկ մրցակիցների միջեւ կայացած վերջին 14 հանդիպումներն էլ ավարտվել էին միկացիների հաղթանակով:
Ուստի, ֆուտբոլասերներից երեւի թե ոչ ոք չէր կասկածում , որ «Միկան» հերթական հաղթանակը կտոնի: Սակայն թիմին ծանր փորձություն էր սպասվում: Արդեն 6-րդ րոպեին «Արարատից» «Կիլիկիա» վերադարձած Սարգիս Մովսիսյանը բացեց հաշիվը: Մինչեւ ընդմիջում կիլիկիացի Կարեն Խաչատրյանը եւս երկու գոլ խփեց` «Միկային» դնելով անելանելի դրության մեջ: Հյուրերին այդպես էլ չհաջողվեց խուսափել պարտությունից: Ճիշտ է, վերջին 15 րոպեներին Ալեքսն ու Թադեւոսյանը կրճատեցին հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակը «Կիլիկիայի» համար շատ կարեւոր էր վտանգավոր գոտուց հեռանալու առումով: Վերջին տեղում գտնվող «Արարատը» սեփական հարկի տակ ոչ միայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, այլեւ ի վերջո պարտություն կրեց` ավելի բարդացնելով առանց այն էլ ծանր իրավիճակը: Առաջին խաղակեսում արարատցի Արտակ Գրիգորյանը բացեց հաշիվը: Սակայն ընդմիջումից հետո «Գանձասարը» 2 գոլ խփեց ու հաղթեց: Կապանցիներից աչքի ընկան Արա Խաչատրյանն ու Զազա Սախոկիան: Այժմ «Արարատի» եւ «Կիլիկիայի» միջեւ 8 միավորի տարբերություն կա: Մնացած 8 տուրերում այն վերացնելը չափազանց դժվար կլինի «Արարատի» համար, որին սպառնում է բարձրագույն խմբին հրաժեշտ տալու վտանգը:
«Միկայի» անհաջողությունը հնարավորություն ընձեռեց «Ուլիսին» ընդհուպ մոտենալու իր գլխավոր հակառակորդին: «Ուլիսը» նվազագույն` 1-0 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Թիմի հաղթանակն ապահովեց Գագա Թբիլաշվիլու խփած միակ գոլը: Իսկ աղյուսակի առաջին հորիզոնականում իր դիրքերն ավելի ամրապնդեց «Փյունիկը»` 4-0 հաշվով ջախջախելով «Շիրակին»: Փյունիկցիներից աչքի ընկան Ալբերտ Թադեւոսյանը, Սարգիս Հովսեփյանը (11 մ), Դավիթ Մանոյանն ու Նորայր Սահակյանը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 20 | 14 | 5 | 1 | 39-8 | 47 |
2. Միկա | 20 | 13 | 2 | 5 | 44-23 | 41 |
3. Ուլիս | 20 | 12 | 3 | 5 | 31-14 | 39 |
4. Բանանց | 20 | 10 | 2 | 8 | 27-20 | 32 |
5. Գանձասար | 20 | 9 | 2 | 9 | 17-27 | 29 |
6. Շիրակ | 20 | 3 | 7 | 10 | 16-41 | 16 |
7. Կիլիկիա | 20 | 4 | 3 | 13 | 17-32 | 15 |
8. Արարատ | 20 | 1 | 4 | 15 | 9-35 | 7 |
Ռմբարկուներ
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 11 |
Բոտի Դեմել | «Միկա» | 11 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 10 |
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 10 |