Այսօր Միլանում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանի հավաքականը Միլանում պետք է հանդես գար քաշային 8 կարգերում: Սակայն մրցավայր մեկնելու վերջին պահին հավաքականի կազմը համալրվեց եւս մեկ բռնցքամարտիկով: Այնպես որ Հայաստանը ներկայացված չի լինի միայն 81 կգ եւ գերծանր քաշային կարգերում:
Հավաքականի կազմը համալրել է Գառնիկ Հարությունյանը, որը հովանավոր է գտել եւ հնարավորություն է ստացել մասնակցելու աշխարհի առաջնությանը: Նա հանդես կգա մինչեւ 54 կգ քաշային կարգում: Մինչ այդ, հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը որոշել էր, որ 54 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Դերենիկ Գիժլարյանը: Վերջինս տեղափոխվել է ավելի ցածր քաշային կարգ (51 կգ):
Բացի վերը նշված բռնցքամարտիկներից, Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը (60 կգ), Եվրոպայի 2008-ի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը (64 կգ), աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մենամարտերն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն «ՀայTV» հեռուստաալիքով: