«Ներքին խորհրդակցություններ» հաստատելու, դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ երկկողմ հարաբերություններ զարգացնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի տարածած մամլո հաղորդագրությանն արձագանքել են եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներ ու միջազգային հեղինակավոր կառույցներ: Պաշտոնական հայտարարության մեջ Ֆրանսիայի կառավարությունը` նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ, ողջունել եւ խրախուսել է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների որոշումը:
«Հանրապետության նախագահը գոհունակությամբ եւ հույսով ծանոթացավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկու երկրների միջեւ սահմանի բացման բանակցությունների անհապաղ վերսկսման մասին հայտարարությանը: Հանրապետության նախագահը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կունենա տարածաշրջանային կայունությանը նպաստող պատմական նշանակություն», ասված է հայտարարության մեջ:
Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը ողջունել է Միացյալ Նահանգների դեպարտամենտը` մասնավորապես նշելով, որ հարաբերությունների բարելավման գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների ու խելամիտ ժամանակահատվածում: «Հորդորում ենք Հայաստանին եւ Թուրքիային արագ գործել: Պատրաստ ենք սերտորեն համագործակցել երկու երկրների պետությունների հետ` սատար կանգնելով հարաբերություների բարելավմանը: Սա պատմական գործընթաց է, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը», նշել է պետդեպարտամենտի խոսնակ Այան Քելին:
Եվրոհանձնաժողովը նույնպես մեծ կարեւորություն է տվել երկու երկրների հայտարարությանը: «Այդ համաձայնությունը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության կայացմանը», նկատել են Բենիտա Ֆեռեր Վալդներն ու Օլլի Ռենան: Համաշխարհային մամուլը նույնպես արձագանքել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը:
Հ. Հ.