«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2009-08-29 | #155, 2009-09-01 | #156, 2009-09-02


ԵՌԱԿՈՂՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՓՈԹԵՑՐԵԼ ԵՆ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ, հայ-թուրքական դիվանագիտական եւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ զույգ արձանագրությունների հրապարակումից հետո, տեղեկատվության, ողջունողների եւ դժգոհողների հայտարարությունների մի հեղեղ էր սկսվել, որ հոսում էր մինչ երեկո: Հատկապես տեսանելի էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, եվրոպական կառույցների ակտիվությունը ողջունողների մեջ: Սակայն մեզ համար առավել կարեւոր է Հայաստանի քաղաքական դաշտի արձագանքն այս փաստաթղթերին, որոնք, կարելի է ասել, անկախ նրանից բացասական, թե դրական գնահատականներ կստանան, նկատվում է, որ շփոթության են մատնել մեր քաղաքական դաշտի ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական հատվածների հայտնի դեմքերին: Համենայն դեպս առաջինն արձագանքողների ցանկություն առանձնապես չէր նկատվում, բոլորը հակված էին մի լավ ուսումնասիրելու, գցել-բռնելու ասելիքն ու անելիքը: Սա նոկաուտի երեւույթն ունեցավ հայոց քաղաքական դաշտի վրա, քանի որ մերոնք անընդհատ վերջին շրջանում քննարկելով, թե արդյո՞ք Ս. Սարգսյանը պետք է գնա Թուրքիա, վերջում, նախագահի մի կես քայլ հետ դնող հայտարարություններից եւ հատկապես թուրք պաշտոնյաների նախապայմանային հայտարարություններից հետո, հակված էին կարծելու, որ այսպես էլ հայ-թուրքակական «ջերմացումը» դեռ չսկսած` մարում է: Այս` իրենց համար անսպասելի փաստաթղթի հայտնությամբ հանկարծ նրանք կանգնել են սեփական բանախոսությունների վրա մասամբ խաչ քաշելու առաջ:

Որ այս փաստաթղթերի պատճառով ներքաղաքական նոր խմորումներ կարող են լինել` ակնհայտ է, սակայն քանի որ խոսքը երկրի անվտանգությանն է վերաբերում, անգամ ամենաարմատական քննադատություններում զգուշավորություն նկատվում է:

ՀՅԴ-ն, որ այսօր հանրահավաքում կարծիք է հայտնելու այս արձանագրությունների մասին, խոր ընկղմվել էր քննարկումների մեջ (ՀՅԴ հայտարարությունը տես կողքի սյունակում): Բայց ավելի վաղ ՀՅԴ-ի բացասական վերաբերմունքն առկա էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի արձագանքում, որը երկու արձանագրությունները երեկ անընդունելի է համարել, քանի որ թուրքական կողմից արծարծվող նախապայմանները, նրա կարծիքով, դեռ քողարկված ձեւով առկա են այս փաստաթղթերում. «Ոչ մի իշխանություն իրավունք չունի Ցեղասպանության հարցը սակարկության նյութ դարձնելու եւ սերունդների հաշվին հայտարարությունններ անելու», ասել է նա:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այս փաստաթղթերը դրական գնահատեց գոնե այս պահին ու դրանց մեջ կապ չտեսավ ԼՂ բանակցությունների հետ:

«Հրապարակված փաստաթղթում ոչ մի հիշատակում չկա հայ- թուրքական հարաբերությունները ԼՂ հարցի կարգավորման հետ կապելու վերաբերյալ: Սա ամենակարեւոր նվաճումն է, մեծ դրական գործոնը, որ ունենք այս փաստաթղթերում», ասել է երեկ թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, իսկ այս երկու փաստաթղթերը մեր դիվանագիտության հանգրվանային ձեռքբերումներն է անվանել: Ըստ նրա` այս փաստաթղթերի հրապարակման համար կարեւոր նշանակություն ունեցավ Հայաստանի նախագահի այն հայտարարությունը, թե մինչեւ պայմանավորվածությունները չկատարվեն, ինքը չի գնա Թուրքիա:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կազդի ԼՂ հարցի բանակցությունների արագացման վրա, այս կարծիքին էր երեկ ՀԱԿ-ական, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը, իսկ ԼՂ հարցի կարգավորման համար Հայաստանին ընդամենը մինչեւ դեկտեմբերի 31-ն է ժամանակ տրված:

Գործընթացը երեկ ճիշտ գնահատեց ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը , իսկ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ավետ Ադոնցն այս արձանագրությունները Հայաստանի նախաձեռնության հերթական քայլը համարեց` նկատելով, թե ինչ քայլեր էլ ձեռնարկվեն` մեր սկզբունքը պետք է լինի արժանապատվությունը, իսկ Թուրքիայի ցանկացած նախապայման չի աշխատի:

Փաստաթուղթը, որ ներառում է երկու արձանագրություն, փորձում է վերջնականապես լուծել Հայկական հարցն ի նպաստ Թուրքիայի, խտացնում է «Հայ կամավորականնների համախմբում» նախաձեռնության հայտարարությունը:

Երեկ շատ ուրիշ հայտարարություններ ստացանք, որոնք տեղի սղության պատճառով չարտացոլվեցին «Ազգում» : Ասենք միայն, որ այդ հայտարարությունները չափազանց իրարամերժ էին, բայց մոտակա օրերին կարծիքները կբյուրեղանան, ինչն էլ, հավանաբար, հենց այս փաստաթղթերի հրապարակման գլխավոր շարժառիթն է` հանրային քննարկումներ: Հետագան կտեսնենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4