«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2009-08-29 | #155, 2009-09-01 | #156, 2009-09-02


ԲԱՌԵՐԻ ՏՈՐԹՙ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Վիլյամ Սարոյանի տարեդարձից հետո օրացույցը Գիտելիքի օրն է ազդարարում, իսկ հաջորդ օրըՙ սեպտեմբեր 2-ին, այսինքնՙ այսօր, այդ օվկիանոսից մի մեծ գետ է սկսվումՙ պարզ, զուլալ, հուժկու, հզոր, ինչպես իր ձայնն է, արեւի ու լույսի արտացոլանքով, ինչպես իր տեսքն է, որտեղ «լողալիս» նախ սրբագրում ես բառդՙ ծովի հետ գործ ունես, իսկ հետո զարմանում հաջորդականության ճշգրտությամբՙ սարոյանական բարության պայծառ աշխարհ, հետո գիտելիքներ, որ այդքան անձեռակերտ շարունակություն են գտել մեր այսօրվա հոբելյարիՙ Հասմիկ Պապյանի մեջ:

Սա այն դեպքն է, երբ «Աշխարհն իր տունն է» արտահայտությունը չափազանցված չէ, այդպես տարիներ շարունակ սեպտեմբերի 2-ին նա ամենատարբեր կայաններում է դիմավորել իր հարազատներից ու երկրպագուներից ստացած տարեդարձի շնորհավորանքները, իսկ այսօրՙ բացառիկ պատեհությունՙ իր ընտանիքի հետ է բաժակ զարկելու ու լսելու նրանց սիրո խոստովանություններըՙ աշխարհում ամենալավ մամայի, ամենաչքնաղ կնոջ կենացը: Նրանից հեռուները, ինչպես ես, օրինակ, իր ձայնը վայելելով, իր հետ ենք լինելուՙ մի կտոր տորթով ու շամպայնով նշելու ենք ծնունդը նրա, ով թատրոնից թատրոն իր թռիչքներով այսքան հայտնի ու հաստատ է դարձնում Հայաստանի տեղը:

Հոկտեմբերի 8-ին առաջին անգամ մուտք է գործելու Իսպանիայի Օվիեդոյի օպերա, ուր երգելու է իր անզուգական Տոսկան, նոյեմբեր-դեկտեմբերին դարձյալ առաջին անգամ կանգնելու է կանադական Վանկուվերի օպերային բեմումՙ այս անգամ մատուցելով իր զարդըՙ Նորման:

Առաջին անգամները նրա բեմական կյանքում ինչքան շատանում, այնքան ավելանում են հազարավոր աչքեր, որ կլանելու են նրա չքնաղ տեսքը, ունկեր, որ այդուհետ փնտրելու են հենց այդ ձայնը...Սա դեռ բոլորը չէ, ներսիդ սպունգըՙ հոգիդ, այդ առաջին համը պահելու է ողջ կյանքիդ համարՙ սիրելու ես երաժշտությունը, բեմը, օպերան ու գլխավոր դերերումՙ հենց նրան:

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի՛ սոպրանո:

Ան. Հ., Գերմանիա

Հ. Գ. - Հասմիկ Պապյանի հետ մեր հարցազրույցըՙ «Ազգի» առաջիկա համարներից մեկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4