«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2009-08-29 | #155, 2009-09-01 | #156, 2009-09-02


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Չինաստանի Նինգբո քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որի 10 մասնակիցների թվում է Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանու մարզիչ Արսեն Եղիազարյանը հավաքականում ընդգրկել է բոլոր ուժեղագույններին: Առաջին խաղատախտակի վրա հանդես կգա Էլինա Դանիելյանը: 2-րդ խաղատախտակին հայտավորվել է Լիլիթ Մկրտչյանը, որի խաղընկերուհիները կլինեն նաեւ Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանը:

Որպես մրցաշարի կազմակերպիչ, Չինաստանը կներկայանա 2 հավաքականով: Բնականաբար, ուժեղագույն շախմատիստուհիներն ընդ-գրկվել են երկրի առաջին հավաքականում: Ցուցակը գլխավորում է գրոսմայստեր Հոու Յիֆանը: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի եւ Վիետնամի կանանց հավաքականները: ԱՄՆ-ի հավաքականում 5-րդ համարի տակ հայտավորված է Տաթեւ Աբրահամյանը, իսկ առաջին խաղատախտակի վրա կխաղա երկրի չեմպիոնուհի Իրինա Կրաշը: ԱՄՆ-ի հավաքականն ինտերնացիոնալ կազմ ունի: Հանդես կգան նաեւ լեհ Աննա Զատոնսկիխը, վրացի Ռուսուդան Գոլեթիանին եւ ռուսաստանցի Ալիսա Մելեխինան:

Ինչպես միշտ, ուժեղ կազմ ունի Ռուսաստանի հավաքականը: Այստեղ կխաղան Կոսինցեւա քույրերը, Եկատերինա Կովալեւսկայան, Մարինա Ռոմանկոն եւ Վալենտինա Գունինան: Տարօրինակ է, սակայն թիմում չէ աշխարհի չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը: Ավանդաբար ուժեղ մրցակից են վրաց շախմատիստուհիները: Վրաստանի հավաքականը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն: Նրա թիմակիցներն են Նանա Ձագնիձեն, Լելա Ջավախիշվիլին, Մայա Լոմինեյշվիլին ու Սոֆիկո Խուխաշվիլին:

Ուկրաինայի հավաքականը գլխավորում է Աննա Ուշենինան, Հնդկաստանինըՙ Հարիկա Դրոնավալին, Լեհաստանինըՙ Իվետա Ռայլիխը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4