«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2009-09-01 | #156, 2009-09-02 | #157, 2009-09-03


ԵԶԱՆ ՏԱԿ ՀՈՐԹ ՊԵՏՔ ՉԷ ՓՆՏՐԵԼ

Ըստ արտգործնախարար Է.Նալբանդյանի

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս միտքը երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հնչեցրեց իր ասուլիսումՙ պատասխանելով Կարսի պայմանագրով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ Երեւանի պատրաստ լինելու մասին հարցին. «Փաստաթղթերում շատ պարզ ասված է, որ կողմերը հարգում են միջազգային պայմանագրերով ամրագրված միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները: Կարսի պայմանագրի մասին որեւէ հիշատակում չկա, եւ փնտրել, շատ ներողություն, եզի տակ հորթ, պետք չէ»:

Դիվանագիտական կորպուսի ամենամյա հանդիպման միջակայքում հանդիպելով լրագրողներին` Հայաստանի արտգործնախարարը մի անգամ եւս գնահատեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը եւ երեւույթն ինքնին: Ըստ նրա, օգոստոսի 31-ին եւս մեկ կարեւոր հանգրվան արձանագրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Կատարվածը մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրված հայ-թուքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի վկայությունն է, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ եւ տարաբնույթ խոչընդոտներին, հանրությանը ծանոթ հայտարարություններին, դժվարություններին, դրսեւորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության ` շարժվելու առաջ. «Այսօր այդ քայլն ամենաբարձր մակարդակով ողջունվում է եւ անվերապահ աջակցություն է ստանում ամբողջ աշխարհում` Վաշինգտոնից, Մոսկվայից, Փարիզից, Բրյուսելից, բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, բազմաթիվ երկրներից, որոնք գնահատելով կողմերի առաջ շարժվելու պատրաստակամությունը, կոչ են անում շարունակել ձեռնարկված համարձակ են հեռատես քայլերը, հարգել փոխադարձ պայմանավորվածությունները, սեղմ ժամկետում հաստատել եւ իրագործել համաձայնեցված արձանագրությունները, քանի որ դա կնպաստի տարածաշջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը», ասաց նախարարը:

Լրագրողնեը ներկայացրին այն մտահոգությունները, որոնց մասին արդեն բարձրաձայնվել է այս քանի օրը:

Ղարաբաղը Հայաստանի հետ ցամաքային սահման պե՞տք է ունենա (Ս.Սարգսյանի նախընտրական ծրագիր), թե՞ ինչպես մեկ օր առաջ Նալբանդյանն է ասել` միջանցք (սա կարելի է հարակից հարց համարել), արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի փոխարեն ենթահանձնաժողովի հիշատակումը արդյո՞ք փոխում է այն, որ գիտնականները էլի Ցեղասպանության մասին են քննարկելու, ինչը հղի է Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման վտանգով:

Ի պատասխան Է. Նալբանդյանը խոսեց Հայաստան -Արցախ անխափան կապի մասին` երբ պայմանավորվածությունները ձեռք բերվեն եւ հնարավոր լինի հրապարակել բանակցությունների արդյունքներն այդ հարցի շուրջը` հնարավոր կլինի ավելի մանրամասնել: Իսկ հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված ենթահանձնաժողովը ստեղծվելու է միջկառավական մակարդակով, նաեւ իր ենթահանձնաժողովներով, որոնք քննարկելու են բոլոր հնարավոր հարցերը, բայց հստակ գրված է, որ ենթահանձնաժողովը զբաղվելու է երկու ժողովուրդների փոխվստահության բարձրացման հարցով` պատմական հարթության երկխոսության հիման վրա: Իսկ թուրքերի հետ` 1915 թվականի կամ Ցեղասպանության հարցի մասին քննարկման խնդիր չի դրված: Ցեղասպանության հարցի վերաբերյալ էլ բազմիցս արտահայտվել է նախագահը, ինչպես եւ 2 օր առաջ, կասկածները նախարարը չգիտի որտեղից են գալիս: Որեւէ կապակցվածություն չկա այդ փաստաթղթերում Ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցի հետ:

Արդյո՞ք փաստաթղթի ձեւակերպումներում ինչ-որ բան փոխվել է ավելի վաղ հրապարակվելու նպատակադրումը չկայանալուց հետո. Նալբանդյանը դա սուտ համարեց, ոչինչ նոր չեն մտցրել, բանակցություններն ավարտվել են ամիսներ առաջ, այն ժամանակից փաստաթղթերը չեն փոխվել:

Ի՞նչ երաշխիք, որ փաստաթղթերի ստորագրումից եւ Հայաստանի նախագահի` Թուրքիա մեկնելուց հետո բանակցությունները չեն տապալվի: Նախարարը նկատեց, թե նախաստորագրված արձանագրությունները պետք է 6 շաբաթ անց դեռ ստորագրվեն եւ հետո ուղարկվեն խորհրդարաններ` համապատասխան վավերացում անցնելու. «Այսօր մենք կարեւոր հանգրվան ենք անցել, մյուս հանգրվանը կլինի ստորագրումը, հետո վավերացումը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում, սա բարդ գործընթաց է, որը տքնաջան աշխատանք է պահանջում երկու կողմից, եւ եթե երկու կողմից էլ կա ցանկությունը` նոր էջ բացելու մեր հարաբերությունների մեջ... Հուսով ենք, որ կշարունակենք ճանապարհը», ասաց նա: Բացառված չէ՞ չստորագրումը. «Ինչը դուք կարող եք բացառել ամբողջ աշխարհում, բայց եթե ամբողջ աշխարհը տրամադրված է մեկ ուղղությամբ, եւ կողմերից մեկը հակառակ ուղղությամբ գնա` հակադրվելու է ոչ թե մյուս կողմին, այլ ամբողջ աշխարհին»:

Հայաստանի իշխանությունները վստա՞հ են, որ Թուրքիան չի կապում հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորման հետ. «Ես վստահ եմ, որ մենք չենք կապում, որ եռանախագահող երկրները չեն կապում, վստահ եմ, որ ամբողջ աշխարհն այդպես է ընկալում: Եթե անգամ Թուրքիան այլ կերպ է ընկալում, դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ դա միայն Թուրքիայի ընկալումն է. Ղարաբաղի հարցում բազմիցս ասել ենք` որեւէ կապակցվածություն Ղարաբաղի հարցը չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, փաստաթղթերում տեսաք, որ չկա», համոզված էր Է. Նալբանդյանը` նկատելով, որ եռանախագահ երկրներն էլ են դա ասում, եւ Հայաստանը չի կարող ընդունել այս հարցում Թուրքիայի որեւէ միջնորդություն:

Բայց թուրք պաշտոնյաները շարունակում են նման հայտարարությունները. «Ես ելնում եմ այն հայտարարությունից, որն արվել է երեկ չէ մյուս օրը, միաժամանակ Թուրքիայում եւ Հայաստանում... իսկ թե կհարգի՞ մյուս կողմը պայմանավորվածությունները` կտեսնենք, բայց ողջ աշխարհը սպասում է, որ երկու կողմն էլ պետք է հարգեն փաստաթղթի պայմանավորվածությունները»: Նախարարը շեշտեց, որ արձանագրությունների վերաբերյալ ռուսական հայտարարության մեջ ակնհայտորեն նշվում է, որ սա որեւէ մեկին, որեւէ երրորդ կողմի վնաս չի հասցնում. սա Նալբանդյանը շատ կարեւոր հայտարարություն համարեց:

  «Ազգի» հարցին, թե իշխանության քաղաքական ընդդիմախոսները խոստանում են այս թեմայով շիկացնել մթնոլորտը, արդյո՞ք հասարակական լարումները կարող են խոչընդոտել վավերացմանը, Է. Նալբանդյանը պատասխանեց` նորից հիշելով բազմաթիվ դրական արձագանքները Հայաստանից եւ սփյուռքի կարեւոր անձնավորություններից, եւ նույնիսկ նախապես կասկածողներից: Դիվանագիտական նրբություններն իմացող մարդկանց կողմից շահարկումներն անթույլատրելի համարեց. «Շահարկում էին այն վիճակը, որ չէինք կարող մանրամասները հրապարակել դեռ: Բայց երբ հրապարակեցինք` շատ-շատերն ասում են, որ ինչ-որ ասում էր մեր ղեկավարությունը` ճշմարտություն է. սուտ ոչ մի տեղ մենք չենք ասել եւ չենք ասի»: «Ազգի» հարցի պատասխանն առավել ամբողջացավ մեկ ուրիշ լրագրողի հարցին պատասխանելիս, թե ղեկավարությունը միշտ էլ ասել է, եթե պայմանավորվածությունների գանք` անպայման դրանք կդրվեն քննարկման, հանրային կարծիքը նկատի կառնվի, որովհետեւ որեւէ երկրի որեւէ ղեկավարություն ժողովրդի հանրային կարծիքի դեմ չի կարող գնալ. եթե ժողովուրդը ցանկանում է մի բան` այդ քայլը ղեկավարությունը կարող է անել: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովուրդը հասկանում է, թե Թուրքիայի հետ հավերժ թշնամի եւ հակադրված լինել` դա մեր ազգային շահերից չէ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4