Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջը Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների համատեղ հրապարակած փաստաթղթերը քննարկվել են կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստում:
Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերն ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Համատեղ հայտարարության մեջ ներկայացված գործընթացի իրականացումը, Հայաստանին դուրս բերելով շրջափակումից, կնպաստի տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի բարձրացմանը, որն իր հերթին, Հայ դատի հետապնդման իրատեսական ճանապարհ կբացի:
Միաժամանակ կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ, մասնավորապես «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» կետը իր ձեւի մեջ Կարսի պայմանագրով ստեղծված սահմանագծումը նվիրականացնելու փորձ է, իսկ հաջորդՙ «Կարեւորելով իրենց որոշումըՙ բացելու ընդհանուր սահմանը» նախադասությունը խեղաթյուրում է ողջ իրականությունը սահմանի միակողմանի փակման եւ Հայաստանը շրջափակելու փաստի վերաբերյալ:
Բացի դրանից, զարմանք է հարուցում այն փաստը, որ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը խորհրդարանների վավերացման ուղիով է անցնելու: Սովորաբար, համաշխարհային պրակտիկայում, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կառավարությունների գործառույթի մասն է, եւ դրա վավերացումը կրում է սոսկ ձեւական, ընթացակարգային բնույթ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` դիվանագիտական կապերի հաստատաման դեպքում, նման պրակտիկայի կիրառումը հուշում է, որ Թուրքիայի խորհրդարանը կփորձի ձգձգել վավերացման գործընթացը, ինչը պաշտոնական Անկարային նոր չարաշահումների եւ խարդավանքների հնարավորություն կտա:
Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը հայրենի իշխանությունների ուշադրությունն է հրավիրում նման վտանգների վրա եւ զգուշության ու շրջահայացության կոչ անում:
Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը ակնդետ հետեւում է այս գործընթացին եւ շարունակաբար հանդես կգա մեկնաբանություններով:
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ