«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս բանակցային գործընթացը սկիզբ է առել 2007-ին: 2007-08-ի սեպտեմբերը ես կանվանեի գաղտագողի դիվանագիտության փուլ: Իրականում Հայաստանի կողմից այդ ժամանակ են առաջ քաշվել երեք խնդիրները` սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ միջկառավարական հանձնաժողովի ձեւավորում, որոնք դարձել են քննարկումների, թուրքական կողմից համալրումների առարկա եւ ստացել են ներկայիս բովանդակությունը», երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը :
Սաֆարյանը 2009-ի ապրիլից մինչեւ 2009-ի օգոստոսի 31-ը որակեց «բանակցային գործընթաց կամ կեսգիշերային դիվանագիտություն, ի դեմս այն կեսգիշերային հայտարարությունների, որոնք արվեցին ապրիլի 22-ի կեսգիշերին եւ օգոստոսի 31-ի կեսգիշերին»:
2009-ի սեպտեմբերի 1-ից բացվող փուլը, ըստ ԱԺ պատգամավորի, շոկային դիվանագիտություն է, քանի որ «մեզ հիմա ոչինչ չի մնում անել, քան դիմակայել այն շոկերին, եւ այն ռիսկերին, որոնք տեղ են գտել այս բանակցությունների արդյունքում»:
Վերջինս կարծիք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտության խնդիրները ավելի շատ պաշտպանողական բնույթի են լինելու:
«Եթե ուշադրություն դարձնենք բովանդակությանը, ապա կիսազավեշտալի մի վիճակ է, քանի որ տպավորություն է, թե այս փաստաթղթերի վրա աշխատել են թուրքական դիվանագետները, եւ հավանաբար այս դիվանագետները գնացել են Բադեն-Բադեն, քանի որ բովանդակությունն այլ ենթադրությունների տեղիք չի տալիս, եւ արդյունքում մենք հրաշալի տեսնում ենք հստակ ամրագրված թուրքական երկու նախապայման: Առաջինը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանի ճանաչումն է` միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերի հիման վրա, գծագրված միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերով: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանը գծագրված է Կարսի, Մոսկվայի հայտնի տխրահռչակ պայմանագրով, որոնց հայ ժողովուրդը եւ Հայաստանի որեւէ ներկայացուցիչ առնչություն չի ունեցել: Երկրորդ նախապայմանը պատմական հարթության վրա անցյալի խնդիրների քննարկումն է: Ուշադրություն պետք է դարձնել, որ այնտեղ հստակ գրված է հետեւյալը` «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվումՙ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցում ու առաջարկների ձեւակերպում», նկատում է բանախոսը եւ հավելում, որ այն «ոչ այլ ինչ է, եթե ոչ պատմաբանների հանձնաժողով: Երեկվանից սկսած արդեն տարբեր մեկնաբանություններ են լինում, թե միջկառավարական հանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, այդ դեպքում հարց է ծագում, որ եթե Հայաստանի պատմական հարցը քննարկելու է ՀՀ կառավարության որեւէ ներկայացուցիչ, ապա եզրակացությունները մխիթարական լինել չեն կարող: Խնդիրը տվյալ պարագայում ոչ թե հանձնաժողովի մակարդակն է, այլ հարցի քննարկման հարթությունը, որը հստակ նշված է այս արձանագրությունների տեքստով»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ