1988-92 թվականներին Ադրբեջանից բռնագաղթելու ընթացքում մեր հայրենակիցներից շատերը չեն կարողացել իրենց հետ վերցնել անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվումՙ աշխատանքային գրքույկ կամ ապահովագրական ստաժը հաստատող որեւէ փաստաթուղթ: Դրանց բացակայության պատճառով կենսաթոշակի անցնելիս Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները կանգնում էին լուրջ խնդրի առջեւ:
Նրանց կենսաթոշակի չափի հաշվարկման հիմքում դրվում էր փաստացիից ավելի ցածր աշխատանքային ստաժ, որն էլ հանգեցնում էր կենսաթոշակի չափի նվազեցմանըՙ առաջացնելով արդարացի դժգոհություն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ու ի պաշտոնե նաեւ վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանն ասում է, որ 2004- 2005 թվականներից ի վեր հարցի կարգավորման համար բազմաթիվ դիմումներ են եղել ինչպես Ադրբեջանից բռնագաղթած անձանցից, այնպես էլ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններից: Կառավարության հուլիսի 23-ի որոշմամբ խնդիրը, կարծեք, կարգավորվում է:
Բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի աշխատակարգի համաձայնՙ անձն իր գրավոր դիմումը հանձնում կամ փոստով առաքում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն կամ իր բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ: Վերջինին հասցեագրված դիմումները հաշվառվում եւ առաքվում են ստաժ սահմանող հանձնաժողովին:
Ստաժը սահմանելուց հետո անձի աշխատաքային գրքույկում կատարվում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տրվում է որոշման պատճենը կամ համապատասխան կնիքով տեղեկանք, որը համարվում է աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ: Գագիկ Եգանյանի փոխանցմամբՙ հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ն. Մ.