Զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը
Խոզի գրիպի վիրուսը աշխարհում տարածվում է աննախադեպ արագությամբ, եւ խտաբնակ երկրների բնակչության մինչեւ 30 տոկոսը կարող է վարակվել այդ հիվանդությամբ: Այսպիսի հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը փարիզյան Le Monde թերթին տված հարցազրույցում:
Դոկտոր Չանը ավելացնում է, որ եթե խոզի գրիպից մահանալու դեպքերի 60 տոկոսը կապված է առողջական ուրիշ խնդիրներ ունեցող անձանց հետ, ապա 40 տոկոսը վերաբերում է երիտասարդ տարիքի առողջ մարդկանց, որոնք 5-7 օրվա ընթացքում մահանում են վիրուսային թոքաբորբից: ԱՀԿ գլխավոր տնօրենը դա համարում է մտահոգիչ միտում:
«Այդ վիրուսը տարածվում է աներեւակայելի արագությամբ: Վեց շաբաթում նա անցնում է այնքան տարածություն, որքան մյուս վիրուսներն անցնում են վեց ամսում», ընդգծում է դոկտոր Չանը:
ԱՀԿ-ն սեպտեմբերի 2-ին հայտարարեց, որ աշխարհում արդեն արձանագրված է խոզի գրիպով հիվանդանալու 209 438 դեպք: Առնվազն 2185 մարդ է մահացել: Վարակակիրների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պետություններն այլեւս պարտավոր չեն ԱՀԿ-ին տեղեկացնել հիվանդանալու առանձին դեպքերի մասին:
Հիվանդության զոհերի թիվը հատկապես մեծ է Ամերիկայում (1876), Ասիայում (139), Եվրոպայում (85) եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (64):
Մարգարետ Չանը պարզաբանում է, որ վիրուսը թեեւ արագ է տարածվում, բայց մարդկանց մեծ մասին չի հիվանդացնում: Չնայած դրան, «շատ երկրներում շտապ օգնության ծառայությունները գերծանրաբեռնված են»: ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքերով, հարկավոր է նախօրոք պատրաստ լինել խտաբնակ երկրների բնակչության 20-30 տոկոսի շրջանում վարակի հնարավոր տարածմանը:
Կառավարությունները պարտավոր են բավարար պաշարներ ունենալ նաեւ մյուս հիվանդությունների համար: Ներկայումս պատվաստանյութերի տարեկան արտադրությունը հասցվել է 900 մլն չափաբաժնի, որը դարձյալ անբավարար է, բայց աննախադեպ բարձր մակարդակ է անցյալում արձանագրված մյուս համաճարակային պատվաստանյութերի համեմատությամբ:
ԱՀԿ-ն նվիրատուներից խոստումներ է ստացել, որ կֆինանսավորվի 150 մլն չափաբաժնի մատակարարումը նոր զարգացող երկրներին: