«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ԼԵԶՈՒՆ ՄՏՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՆ Է

Հայաստանյան լրատվամիջոցն, ահա, խոսում է, որ սեպտեմբերի 2-ին հանրահավաքներ են տեղի ունեցել տարբեր քաղաքներում, «Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինում»:

Ստացվում է, որ «Հայաստանն է կապվում Ղարաբաղին», այլ ոչ թե` հակառակը:

Թվում է` ի՞նչ կա: Շարքային, առօրեական միտք է: Որպես տեղեկատվություն` իհարկե: Մարդիկ դրանից հասկանում են, որ ինչ-որ տեղ հանրահավաքներ են կազմակերպվել: Բայց...

Քաղաքական իմաստով արցախյան շարժման բովանդակությունն այս մի հատիկ «անշառ» նախադասությամբ գլխիվայր շրջվում է:

Առհասարակ «Ղարաբաղի հետ կապվելու» խնդիր Հայաստանը չի ունեցել: 1988թ. ոչ թե ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն է պահանջել, որ ԼՂԻՄ-ը Ադր.ԽՍՀ կազմից հանվի եւ մտցվի իր կազմի մեջ, այլ ԼՂԻ մարզխորհուրդն է նման միջնորդություն հարուցել ԽՍՀՄ ԳԽ առջեւ: Եվ ոչ թե Հայաստանն է 1992թ. ճեղքել ԼՂ շրջափակումը ու կապվել Արցախի հետ, այլ արցախյան ինքնապաշտպանական ուժերն են մարդասիրական միջանցք բացել եւ ֆիզիկական կապ հաստատել Հայաստանի հետ: Եվ, ուրեմն, եթե «Լաչինը» միացնում է, ապա` «Ղարաբաղը» Հայաստանի հետ, ոչ թե` Հայաստանը` «Ղարաբաղի»:

Այսօր ի՞նչ իմաստ կար, առհասարակ, խոսել «միացնելու» մասին:

Չէ՞ որ հայաստանյան նույն լրատվամիջոցը գրեթե ամեն օր հրապարակում է դիտարկումներ, վերլուծություններ եւ կանխատեսումներ, որոնցում սուր քննադատության են ենթարկվում «մադրիդյան սկզբունքները», միջնորդների ընկալումները, եւ ակնարկվում է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի պաշտպանում պետական շահերն ու մեր ազգային ձգտումները»:

Բայց ինչո՞ւ իրենք` լրատվամիջոցի հեղինակները «Լաչինը» ընկալում եւ ներկայացնում են որպես «միջանցք»: Հնարավոր չէ՞ր այդ տեղեկատվությունը ձեւակերպել այսպես. «Հանրահավաք է տեղի ունեցել նաեւ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում»: Այդպիսով լրատվամիջոցը հարգած կլիներ Արցախի սահմանադրությունը: Չէ՞ որ շատ վաղուց «Լաչին» գոյություն չունի: Կա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան` Բերձոր կենտրոնով, որտեղ էլ սեպտեմբերի 2-ին հանրահավաք է կազմակերպվել:

Զարմանալի է, թե ինչո՞ւ հայկական լրատվամիջոցները համառորեն նույնիսկ չեն ասում ԼՂՀ, այլ` Լեռնային Ղարաբաղ, ԼՂ, Ղարաբաղ, գրում են Լաչին, Քելբաջար, Կուբաթլու եւ այլն: Եվ դա այն դեպքում, երբ ոչ մի ադրբեջանցի լրագրող չի համարձակվում գրել «Ստեփանակերտ» կամ «Մարտակերտ», «Մարտունի»: Նրանք առաջնորդվում են իրենց երկրում ընդունված չափանիշներով, օգտագործում այն անվանումները, որ հաստատված են օրենքով: Օրենքով են հաստատված նաեւ Քաշաթաղ, Բերձոր, Կովսական, Քարվաճառ եւ տասնյակ այլ տեղանվանումներ: Հաստատված են ԼՂՀ օրենքով: Եվ հայկական բոլոր լրատվամիջոցները, անկախ իրենց ուղղվածությունից եւ այն բանից, թե քաղաքական ո՞ր ուժի են նախապատվությունը տալիս, պարտավոր են հարգել այդ օրենքը: Մանավանդ որ նրանք շատ են սիրում խոսել արցախահայության կենսական շահերի պաշտպանությունից:

«Լեզուն մտքի հայտարարն է», սա Միքայել Նալբանդյանի ձեւակերպումն է: Այսինքն` ասվում է այն, ինչ մտածում են:

Դժվար է հավատալ, թե հայաստանյան հիշյալ լրատվամիջոցն իրոք Բերձորը համարում է «Հայաստանը Ղարաբաղին միացնող Լաչին», բայց ասված է նաեւ, որ գրչով գրվածը կացնով էլ չի ջնջվի:

Լրատվամիջոցը հանրային վերաբերմունք է ձեւավորում: Եվ պարտավոր է նման նուրբ հարցերում չափազանց զգուշավորություն դրսեւորել: Թե չէ կստացվի, որ հայաստանյան լրատվամիջոցն ակամա ասում է այն, ինչ` ադրբեջանցիները:

Եվ դրանից հետո արժե՞ միջնորդներին քննադատել, թե ինչո՞ւ են խոսում «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքից», այլ ոչ թե հայկական երկու պետությունների ընդհանուր սահմանից:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4