ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բացասական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները: Սարգսյանը նկատում է, որ այդ արձանագրությունը անակնկալ էր ոչ միայն հասարակության եւ անձամբ իր, այլեւ նախագահ Սարգսյանի համար: «Արձանագրությունը անսպասելի էր նույնիսկ Սերժ Սարգսյանի համար: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Թուրքիան ու Եվրոպան պայմանավորվում են, հետո իրենց որոշումը հայտնում են Հայաստանին: Սերժ Սարգսյանը միշտ ամեն ինչ իմանում է վերջում: Կա՛մ նա չի գիտակցում, պատկերացում չունի, թե ինչ է կատարվում, կա՛մ էլ գիտակցաբար է գնում այդ քայլին: Առաջինի դեպքում մեզ չկողմնորոշված նախագահ պետք չէ, իսկ երկրորդի դեպքում նա դավաճան է ու էլի պետք չէ հայ ժողովրդին», ասում է Սարգսյանը: Նրա դիտարկման համաձայն, հարաբերություններ հաստատելուց առաջ պետք է հաշվի առնել սփյուռքի կարծիքը: Ի դեպ, տիկին Սարգսյանը փաստեց, որ շատ ուշադիր է կարդացել արձանագրությունը, վերլուծել տողատակերն ու եզրակացնում է, որ ղարաբաղյան հարցը արձանագրության մեջ շեշտվում է: «Թե կոնկրետ որ հատվածում է դա տեսել կամ ինչից է ենթադրում»` «Ազգ»-ի հարցին Սարգսյանի պատասխանն անհասկանալի էր ու անորոշ: Շարունակելով բացասական գնահատել արձանագրությունը, Սարգսյանը առաջարկեց վերջ տալ բանակցություններին: Թե ինչպես կբացատրի, որ ՍԴՀԿ-ն` լինելով ՀԱԿ-ի անդամ, այդքան խիստ է արտահայտվում, մինչդեռ ՀԱԿ-ը` ավելի մեղմ, Սարգսյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ում իրենք հավաքվել են մի կոնկրետ նպատակի շուրջը` երկրում վերականգնել սահմանադրական կարգը: «Երբեւիցե մեր տեսակետը չենք թաքցրել, չենք փորձել կուլ գնալ կոնգրեսի տարբեր հարցերի նկատմամբ ունեցած որոշումներին: Այնտեղ 18 կուսակցություն է, եւ հնարավոր չէ, որ բոլորի կարծիքը միեւնույնը լինի, բայց հարգում եմ նաեւ նրանց կարծիքը: Կոնգրեսը չի կարող առաջնորդվել զուտ հնչակների տեսակետով: Մեր կուսակցությունը մեծ իմաստով համաձայն չէ ՀԱԿ-ի հայտարարությանը: Դրա համար էլ հանդես ենք եկել առանձին հայտարարությամբ», ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ