Գյումրին կլինի Հայաստանում թվով չորրորդ քաղաքը, որը կունենա շրջակա միջավայրի պահպանության գործողությունների (ՇՄՊԳ) պաշտոնապես ընդունված տեղական ծրագիր: Վերջինիս արդեն պատրաստ նախնական տարբերակը անցած շաբաթ քննարկման ներկայացվեց Շիրակի մարզկենտրոնի բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնում կազմակերպված ամփոփիչ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ, փորձագետներ, տեղական իշխանության եւ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ինչպես հիշյալ հանդիպման ժամանակ նշեց Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, ՇՄՊԳ տեղական, համայնքային ծրագրերը պետք է լինեն միջազգային պարտավորությունների շրջանակներում մեր երկրի ընդունած համանուն արդեն երկրորդ ազգային ծրագրի տրամաբանական շարունակությունն ու օրինաչափ զարգացումը, միաժամանակ ապահովելով ազգային ծրագրի դրույթների լիարժեք իրականացումը: Ներկայացնելով Գյումրիում փաստաթղթի ստեղծման շուրջ մեկամյա գործընթացը, Գ. Պետրոսյանը նշեց, թե սա հանրապետությունում առաջին տեղական ծրագիրն է, որը մշակվում է ոչ թե կառավարական օղակների, այլ հասարակական նախաձեռնությամբ, շահագրգիռ բոլոր կողմերի` քաղաքապետարանի, մարզպետարանի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, մասնագետների եւ անկախ փորձագետների համատեղ ուժերով: Վեր հանելով քաղաքի բնապահպանական հիմնախնդիրների ամբողջական պատկերը, այս փաստաթուղթը տեղական իշխանությանը պետք է օգնի տվյալ ոլորտում իր գործունեությունը դարձնել ավելի համակարգված ու պլանավորված եւ գործակցելով հասարակության ու գիտական ոլորտի հետ` կարողանալ հատկացվող դրամական միջոցների առավել նպատակային օգտագործմամբ հասնել Գյումրի քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավման:
Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի մշակած եւ Անդրկովկասի արդեն 15-ից ավելի քաղաքներում կիրառված մեթոդաբանությամբ ստեղծված «Գյումրու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների տեղական ծրագիրը» կազմված է 3 հիմնական մասից: Առաջին մասում ներկայացված են քաղաքի մասին ընդհանուր տեղեկություններ` պատմությունը, ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը եւ կենսաբազմազանությունը, բնակչությունը, տնտեսությունը եւ սոցիալական վիճակը, գիտությունը, կրթությունը եւ տեսարժան վայրերը, ոչ կառավարական կազմակերպությունները, ԶԼՄ-ները: Երկրորդ մասում տրված է քաղաքի շրջակա միջավայրի վիճակի վերլուծությունը` ընդհանուր բնութագրից մինչեւ սեյսմիկ եւ բնապահպանական ռիսկերի գնահատում, օդային, ջրային ավազանի ու հիդրոերկրաբանական բնութագիրը, Գյումրու ընդերքի, հողերի, ստորգետնյա միջավայրի, կանաչ տարածքների բնութագիրն ու ներկա վիճակը, քաղաքային միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակը, բնական եւ տեխնածին դաշտերով քաղաքի տարածքի աղտոտվածությունը, բնակչության առողջական վիճակի վերլուծություն, բնապահպանական կրթության, ոլորտի տեղեկատվության հասանելիության եւ այլ բնութագրեր: Երրորդ մասը բուն ծրագիրն է, որտեղ ներկայացված են բացահայտված բնապահպանական հիմնախնդիրներից բխող գործողությունների տեղական պլանը եւ դրա ռազմավարական նպատակները:
«Գյումրու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների տեղական ծրագիրը» նաեւ ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության նախարարությունների ու Շիրակի մարզպետարանի մասնագիտական կարծիքները ստանալուց հետո կներկայացվի Գյումրու համայնքային ավագանու հաստատմանը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ