Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին: ԵԸԻԸ-ի ամենամյա հանդիպումն այս տարի տեղի է ունենում Երեւանում` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» խորագրի ներքո:
Հովիկ Աբրահամյանը ելույթով հանդես է եկել համաժողովի բացման պաշտոնական արարողության ընթացքում. «Յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ընտրական համակարգը կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներից է: Հարգելով եւ պաշտպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` շարունակական ջանքեր ենք գործադրում դրանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»:
«Այսօր աշխարհի ժողովրդավարական բազմաթիվ պետություններում առկա է ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության խնդիրը: Այս հարցում խիստ կարեւորում եմ միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:
Ժողովրդավարական կառավարման համակարգի կայացման համար խիստ կարեւորում եմ քաղաքացիական հասարակության իրական կայացումը», նշել է ԱԺ նախագահը:
Ն. Մ.