Երգիծանկարիչ, օպերային բեմադրիչ, երկար մի ժամանակահատված «Ազգի» ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը (Տոտոն) մտավ կյանքի նոր փուլ: Այսօր լրանում է սիրելի արվեստագետի ծննդյան 50-ամյակը: Տոտոն խոստովանում է, որ միակ երազանքը, ձգտումը ճշմարտությունը ճանաչելն էր, իրականությունը հասկանալն ու կատարելության հասնելը, որն այդպես էլ չիրականացավ: «Կարծես բարդ խնդիր լինի, որ հանձնարարում ես ինքդ քեզ, բայց գիտես, որ չի իրականանա: Դրանից չեմ հիասթափվում, պահի գեղեցկությունը կատարելության հեռավորության մեջ է, որովհետեւ շարունակում ես փնտրել: Երբ երիտասարդ ես, թվում է, թե կատարելությունն այնքան մոտ է, որ կարող ես ձեռքդ պարզել ու դիպչել: Բայց դա թվացյալ է. որքան մոտենում ես, այնքան հեռանում է: Կատարելությունն այնքան հեռու է, որ կյանքը չի հերիքում նրան հասնելու համար»:
Իր ստեղծագործություններում էլ Տոտոն ձգտում է հասնել կատարելության ու յուրաքանչյուր աշխատանքի մոտենում չափազանց զգույշ ու լիարժեք նյութ արարելու պատրաստակամությամբ: «Երբ հարցնում են, թե ինչ կբեմադրես, պատասխանում եմ` «Մադամ Բաթերֆլայ»: «Երկու անգամ բեմադրել ես» հարցին էլ ասում եմ` դեռ չեմ բեմադրել: Ողջ գիտակցական կյանքում կփորձեմ բեմադրել: Սա նշանակում է կատարելություն փնտրել»:
Տոտոյի խոսքերովՙ երաժշտությունն ու երիգիծանկարն օգնում են ինքնարտահայտվել, մատիտի ու նոտաների շնորհիվ ներկայացնել գաղափարներ: Հիմնականում նկարում է քաղաքական թեմաներով, որովհետեւ յուրաքանչյուր պրոբլեմի սկիզբը քաղաքական խնդիրներն են: Երգիծանկարչին մտահոգում է, որ Հայաստանում այնքան էլ լավ չեն ընկալում երգիծանկարի իմաստը, լեզուն ու հաճախ վիրավորվում են: «Երգիծանկարները հաճախ չեն կարողանում ընկալել, արձագանքներն էլ լուրջ են: Երբեմն խոսքերով վիրավորելն ավելի հեշտ են ընկալում, քան երբ տվյալ թեմայի պատկերն ես ներկայացնում»:
Ոգեւորվում է, երբ երիտասարդները հետաքրքրվում են արվեստի այդ ժանրով: «Տաղանդավորները շատ են, բայց նրանց համար արվեստի այդ տեսակը դարձել է հոբբի, որովհետեւ գումար չեն կարողանում վաստակել: Իսկ ինձ համար երգիծանկարչությունը մեծագույն բավականություն է, երջանկություն, կենսակերպ: Եթե մի օր հասկանամ, որ այլեւս չեմ կարողանում նկարել, սպառվել եմ, նշանակում էՙ կյանքս էլ է ավարտվել: Երբեւէ կանանց երգիծանկարներ չեմ անում: Մինչդեռ գեղանկարներիս հիմնական թեման կանանց գեղեցկությունն է: Գերադասում եմ երգիծանկարներում տղամարդկանց պատկերել, որովհետեւ կինն ինձ համար անհայտ երեւույթ է, իսկ տղամարդու հոգեբանությունը, ներաշխարհը հայտնի են»:
Շատերն են զարմանում, երբ Սուքիաս Թորոսյան անունը կարդում են պաստառների վրաՙ որպես օպերային բեմադրիչ: Այդպիսի մարդկանց Թորոսյանը խորհուրդ է տալիս արվեստագետներին շրջանակների մեջ չդնել: «Չեմ պատկերացնում, որ առանց երաժշտության նկարչությունը ապրի, եւ հակառակը, գույները, մեղեդին այնքան միահյուսված են, գեղեցիկ, որ կարիք չկա տարանջատելու: Երաժշտությունն էլ, նկարչությունն էլ ունեն միեւնույն հոգեւոր աղբյուրը, պարզապես արտահայտչամիջոցներն են տարբեր: Օպերային ստեղծագործություններում առաջնային կարեորություն ունի կատարողական բարձր վարպետությունը: Մինչ բեմադրությունը երաժիշտներին, դերասաններին ներկայացնում եմ ստեղծագործության իմաստը, որպեսզի ամեն ինչ լինի կատարյալ, ու երաժշտությունը հասնի հանդիսատեսի ընկալմանը»:
Զղջումները չարած գործերի նկատմամբ շատ են, սակայն Տոտոն հավելում է, որ շարունակելու է աշխատել, որովհետեւ արարման արվեստը ավարտված չէ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ