«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԻՐ ՀԵՏՔՆ Է ԹՈՂՆՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՎՐԱ

Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը լրագրողների հետ հանդիպումը սկսեց այսպես. «Աշունը շատ լավ է սկսվում քաղաքական եւ նաեւ արվեստի իմաստով, որովհետեւ սեպտեմբերի 26-ից սկսվում է «Ես եմ» միջազգային երիտասարդական փառատոնը»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, շեշտեց, որ աշունը շատ հանդարտ է լինելու: Ազգայնական կուսակցության նախագահ Ռ. Գեւորգյանցը իր տեսակետը հայտնեց առաջարկված փաստաթղթի շուրջը եւ նշեց. «Ես գտնում եմ, որ ճիշտ քայլեր են արվում: Ուրիշ բան, որ մենք չպետք է զիջենք ո՛չ թուրքերին, ո՛չ ադրբեջանցիներին հիմնականը, իսկ այն, ինչ մեզ հիմա առաջարկում են, գտնում եմ, որ մեծ գործ է արվել, եւ նույնիսկ կարող եմ կանխագուշակել. եթե այդպես ավարտվի, երկու ամսից հետո երկու նախագահներն էլ Նոբելյան մրցանակ կստանան...»:

Քաղաքական վերլուծություն անելուց հետո, վերջապես պրն Գեւորգյանցը անդրադարձավ կինոյին եւ «Ազգի» հարցերին պատասխանելով, նշեց, որ 2009 թ. ավարտվում է, իր կարծիքով, բավականին հետաքրքրական ֆիլմերով` Հովհ. Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Միք. Դովլաթյանի «Սողանք», Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելու մեջ»: Ավարտվել են նաեւ 3 կարճամետրաժ ֆիլմեր, որոնց երկուսի ռեժիսորները հենց պրն Գեւորգյանցի տղաներն են, դրանք են` «Մեծ տուն», «30 տարի եւ 3 օր»: 2010-ին երեք նոր լիամետրաժ ֆիլմ է պատրաստում թողարկել ազգային կինոկենտրոնը, մեկը` Սուրեն Բաբայանի սցենարով, մյուսը` Ժան Պիեռ Նշանյանի (նաեւ գլխավոր դերում կխաղա) եւ այլն: Պրն Գեւորգանցը նշեց, որ շարունակելու է «Հայոց պատմություն» բազմասերիանոց` 20-30 րոպե տեւողությամբ ֆիլմերի նկարահանումները, սկսած քարե դարից մինչեւ մեր օրերը: Արդեն նկարվել է 6 սերիա մինչեւ քրիստոնեության շրջան: Սերիալների մեկ այլ շարք է նկարահանվում հանրապետության մարզերի, ազատամարտիկների անցած մարտական ուղու վերաբերյալ: Մշակվում են էլի շատ ուրիշ ծրագրեր հատկապես երիտասարդ ստեղծագործողների հետ: Այդ ամենից զատ, պրն Գեւորգյանցը նշեց, որ ինքը նկարահանում է մի ֆիլմ` «Կանանց մոլորակը», որը միայն կանանց մասին է:

«Վերջերս ենք ավարտել Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը նվիրված Գրիգոր Հարությունյանի լիամետրաժ ֆիլմը եւ սոցիալական սուր հարցեր բարձրացնող Արմեն Խաչատրյանի նոր ֆիլմը` մանկատանը մեծացող աղջկա մասին: Մեր ֆիլմերի հիմքում հիմնականը մարդն է, նրա շուրջն են ստեղծվում սցենարները, որոնք դաստիարակչական մեծ դեր ունեն: Պետությունը ե՛ւ խաղարկային, ե՛ւ վավերագրական ֆիլմեր ստեղծելու համար հատկացնում է տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն, իհարկե, շատ քիչ է: Համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր կնքված են, բայց դրանք այդպես էլ մնում են թղթի վրա ինչ-ինչ պատճառներով: Իհարկե, կան 1-2-ը, եւ կան նաեւ այնպիսի ռեժիսորներ, որ կարողանում են արտասահմանյան գրանտեր գտնել: Բայց դա էլ իր թերի կողմը ունի` գրանտատուն թելադրում է իր կամքը, որը շատ ժամանակ հարիր չէ մեր երկրին, մեր ժողովրդին, եւ ես կարծում եմ, դա գաղափարական դիվերսիա է»:

Պրն Գեւորգյանցը մտահոգ էր, որ երիտասարդները գրականություն չեն կարդում ու խաղարկային ֆիլմերը դարձել են սիրողական մակարդակի: Նա նաեւ նշեց, որ այսօրվա եթերից ցուցադրվող սերիալների մակարդակը բարձրացել է, ու դրանք կարեւոր դեր ունեն: Այստեղ «Ազգը» չհամաձայնեց պրն Գեւորգյանցի հետ, եւ երեւի մեր ընթերցողներից շատերն էլ համամիտ կլինեն, բայց ինչ արած, պրն Գեւորգյանցը ընդունում է դրանց գոյությոնը, եւ հենց ինքն էլ մի սերիալում խաղում է «օրենքով գող» Սվո Ռաֆի կերպարը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4