Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցը արձագանքեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Մեր մեծերը» ծրագրին: Հայտարարվեց շարադրության մրցույթ, որի արդյունքները հիմք ընդունելովՙ դպրոցի աշակերտական խորհուրդը որոշեց դասարանը անվանակոչել մեծանուն բարերարի` Ալեք Մանուկյանի անվամբ: Գիտելիքի օրվա առիթով դպրոցի ընդարձակ դահլիճում սկսվեց հետաքրքիր մի միջոցառում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազգային հերոսի, հայ եկեղեցու բարերարի եւ մի շարք այլ կոչումների արժանացած մեծանուն հայորդու` Ալեք Մանուկյանի կյանքին ու գործունեությանը: Մեկ ժամից ավելի տեւած բեմականացման ընթացքում, որտեղ Ալեք Մանուկյանի դերը կերպավորում էր Գրիգոր Ղամբարյանը, հնչեցին նաեւ մեծ հայորդու հասցեին հղված մեր մեծերիՙ Վազգեն Ա կաթողիկոսի, Սիլվա Կապուտիկյանի եւ այլոց գնահատանքի խոսքերը: Հայաստանում, Արցախում թե սփյուռքում Մանուկյան ազգանունը նույնանում է բարեգործություն հասկացության հետ: Նա բազմամիլիոն դոլարներ է նվիրաբերել եկեղեցական, մշակութային եւ կրթական նպատակներով:
Արժանապատվության հերթական դասը, որը նվիրված էր մեծանուն բարեգործ Ալեք Մանուկյանին, շարունակեց դպրոցի տնօրեն Գրետա Կրոյանը: «Հերթական անգամ այս միջոցառումը մեզ տարավ մեր ազգային արմատները, որպեսզի մեր մեծերի թողած ավանդներով շարունակենք մեր անկախ հանրապետության զարգացումը»: Տնօրենի օրհնության խոսքից հետո Ալեք Մանուկյանի անունը կրող դասարանի աշակերտները երդվեցին հավատարիմ լինել մեծ հայի ազգապահպան ծրագրերին, գործին, կյանքին:
Ալեքմանուկյանցիներին ու նաեւ թիվ 6 միջն. դպրոցի բոլոր սաներին եւ ուսուցիչներին շնորհավորեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գիտելիքի օրվա առթիվ ու ջերմորեն շնորհավորեց ութերորդցիների նախաձեռնությունը: Նախարարը, մանրամասն ներկայացնելով Ալեք Մանուկյանին, մեջբերում էր դրվագներ նրա կյանքից ու հորդորում, որ նրա անունը կրող դասարանի աշակերտները դառնան նրա արած գործի շարունակողները` «գործով, բարությամբ ու գիտելիքով պետք է կառուցենք մեր հայրենիքը, սփյուռքը դարձնենք հայակենտրոն, սփյուռքը մոտեցնենք հայրենիքին եւ հայրենի կապերը ամրացնենք ու կամրջենք»: Արժանապատվության դասին իր խոսքը ու բարեմաղթանքները հղեց լոնդոնաբնակ հայ մանկավարժ, մշակութային գործիչ Լիլի Ադամյանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ մարզի մշակույթի ու կրթության վարչության պետը, ծնողներ, հյուրեր, որոնց ողջունեցին նաեւ փոքրիկ նժդեհիկներըՙ ազգային եռագույնով ու օրհներգով:
Թիվ 6 միջն. դպրոցում ավանդական դարձած յոթ հրաշալի միջոցառումների` «Ազգային արժանապատվության դաս», «Ես մի զարկն եմ քո բազկի», «Վարք մեծաց», «Ինքնավարության օր», «Մայիսյան ստուգայցեր», «Դեպի ակունքը լույսի» ազգապահպան ու կրթադաստիարակչական խորագրերը կրող շարքով մեկնարկեց նոր ուսումնական տարին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Աբովյան