«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԸ ԿԵՐԳԻ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ

«Երբեւէ երաժշտությունը դաշնամուրով չեմ ստեղծագործում: Ստեղծում եմ լռության մեջ` գրասեղանի վրա: Դաշնամուրի մոտ ընդամենը 10 մատ ունեմ, իսկ երեւակայությունն անսահման է: Լռության մեջ լսում եմ երաժշտության հնչյունները: Կա երաժշտություն, որ ստեղծում է գիտակցությունը, կա երաժշտություն, որ թելադրում է սիրտը: Իմ երաժշտությունը գալիս է սրտից: Այն ստեղծում եմ լռության համար, իսկ հանդիսատեսն օգնում է, որպեսզի լռությունը դառնա ավելի խորիմաստ», այսպես է իր ստեղագործական գործունեությունը բնութագրում ֆրանսիացի հանճարեղ կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր եւ դաշնակահար Միշել Լեգրանը: Նա առաջին եվրոպացին էր, որ 50-ականներին աշխատում էր ամերիկացի մեծանուն ջազմեններ Սթան Գեթսի եւ Դիզի Գիլեսպի հետ: Լեգրանի աստեղային ժամը մեկնարկեց 1954-ին, երբ թողարկվեց «Ես սիրում եմ Փարիզը» սկավառակը: Ալբոմի երգերը դարձան հիթեր, աշխարհում վաճառվեց ավելի քան 8 միլիոն օրինակով: Նման հաջողություն գրանցեց նաեւ «Արձակուրդը Հռոմում» սկավառակը:

Լեգրանը հանդիսատեսին առավել հայտնի է հոլիվուդյան ֆիլմերի համար գրած երաժշտությամբ, որոնք մինչեւ այսօր էլ արդիական են ու բազմաթիվ հիթ շքերթներում առաջնային հորիզոնականներ են գրավում: Հատկապես սիրելի է «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմը: Նրա մրցանակները բազմաթիվ են` 3 Օսկար, 3 Սեզար, 12 Ոսկե գլոբուս, 5 Գրեմմի, սակայն Լեգրանը խոստովանում է, որ ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, որ ավելի քան կես դար չի դավաճանում:

Լեգրանի հայկական արմատների մասին շատերն են խոսում: Կոմպոզիտորը չի ժխտում, որ իր պապը ազգությամբ հայ է եղել եւ 1915-ին Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի իրագործած ցեղասպանության ժամանակ գաղթել է` հասնելով Փարիզ: Մի քանի տարի առաջ, Ֆրանսիայում հայկական օրերի շրջանակներում, «Շառլ Ազնավուրը եւ ընկերները» համերգի ժամանակ Լեգրանն էլ ելույթ ունեցավ Երեւանում, սակայն մենահամերգով Հայաստանում երբեւէ չի եղել:

Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա Միշել Լեգրանի մենահամերգը` բավական հագեցած ծրագրով: Հայ հանդիսատեսը նախ կունկնդրի մեղեդիներ հայտնի ֆիլմերից, այնուհետեւ դահլիճում կիշխեն ջազային հնչյունները: Միջոցառման կազմակերպիչ Հայաստանի ջազ ակումբի նախագահ Լեւոն Մալխասյանը նկատում է, որ Լեգրանի համերգը ավելի կգեղեցկացնի աշնանային Երեւանը: «Լեգրանը ֆենոմենալ արվեստագետ է: Նա ձեւավորեց նոր երաժշտություն, նոր էջ բացեց: Առանց նրա ստեղծագործությունների ջազային երաժշտությունը դատարկ կլիներ»:

Հ.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4