Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր Եվրոպայի 2011-ի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը կանցկացնի: Մեր ֆուտբոլիստները «Միկա» մարզադաշտում կհյուրընկալեն Շվեյցարիայի երիտասարդական հավաքականին: Խաղը կսկսվի ժամը 17-ին:
Հայ ֆուտբոլիստներն անհաջող են սկսել ընտրական մրցաշարըՙ պարտվելով մեկնարկային երկու խաղերում էլ: Առաջին խաղում մեր հավաքականը հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց շվեյցարացիներին: Արդեն 20-րդ րոպեին դաշտի տերերը խաղը շահում էին 2-0 հաշվով: Խաղավարտից 7 րոպե առաջ Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Չորս օր անցՙ հունիսի 9-ին Թուրքիայի հավաքականի հետ երեւանյան խաղում մեր ընտրանին պարզապես խայտառակ պարտություն կրեց (2-5): Ընդ որում խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-4 հաշվով: Հայաստանի հավաքականում գոլերի հեղինակներ դարձան Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը:
Այսօրվա հանդիպումը շատ կարեւոր է մեր հավաքականի համար, որն, ինչպես ասում են, նահանջելու տեղ այլեւս չունի: Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւին առավել շատ մտահոգում է պաշտպանությունը: Հենց այդ օղակի ֆուտբոլիստների կոպիտ սխալների պատճառով մեր ընտրանին խոշոր հաշվով պարտվեց թուրքերից: Մարզիչը գտնում է, որ պետք է պաշտպանները զգոն գործեն եւ ձգտեն անառիկ պահել սեփական դարպասը: Միեւնույն ժամանակ հարկավոր է ամեն ինչ ներդնել գոլ խփելու եւ հաղթերու համար: Ճիշտ է, հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալու ազգային հավաքականում, եւ նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի երիտասարդական հավաքականի համար: Այդ բացը պետք է փորձեն լրացնել փյունիկցիներ Գեւորգ Ղազարյանը, Ալբերտ Թադեւոսյանն ու Բելգիայի «Ստանդարտում» ընդգրկված Հրաչ Յագանը: Վերջինս ավելի հաճախակի մասնակցում է «Ստանդարտի» փոխարինողների կազմի հանդիպումներին: Նա մասնակցել է թուրքերի հետ երեւանյան հանդիպմանը, նաեւ նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում մոլդովացիների հետ խաղում, սակայն առայժմ ոչնչով աչքի չի ընկել:
Երիտասարդական հավաքականի կազմում են եւս 3 լեգեոնականներՙ Լեւոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա), Վարանդ Բզդիկյանը (ԷՈւԳԱ, Ֆրանսիա) եւ Մասիս Ոսկանյանը («Բրյուգե», Բելգիա), որոնք առաջին անգամ հանդես կգան Հայաստանի ընտրանում:
ՀՀ հավաքականի կորիզը կազմում են փյունիկցիները: Բացի Գեւորգ Ղազարյանից ու Ալբերտ Թադեւոսյանից, այսօրվա հանդիպմանը նախապատրաստվել են նաեւ դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը, պաշտպաններ Արտակ Եդիգարյանը եւ Արտակ Անդրիկյանը, կիսապաշտպաններ Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Մանոյանը, Արթուր Յուզբաշյանը, Էդգար Մալաքյանն ու Կառլեն Մկրտչյանը: «Բանանցի» միակ ներկայացուցիչը կիսապաշտպան Արտակ Դաշյանն է: «Արարատից» հրավիրվել է դարպասապահ Գեւորգ Պրազյանը, «Կիլիկիայից»ՙ պաշտպան Արտաշես Առաքելյանը: Նախորդ երկու հանդիպումներում հավաքականի դարպասը պաշտպանել է «Փյունիկի» 2-րդ դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը, որի մոտ խաղային փորձի պակասը զգացնել էր տալիս: Կարծում ենք, որ այսօրվա խաղում դարպասի պաշտպանությունը կվստահվի Գեւորգ Պրազյանին, որն «Արարատում» իրեն վատ չի դրսեւորում:
Ընտրական 2-րդ խմբում շվեյցարացիները 2 խաղից հետո 3 միավորով 3-րդ տեղում են: Մեր հավաքականին հաղթելուց հետո նրանք օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ զիջեցին էստոնացիներին (0-1): Առաջատարը 6 միավոր վաստակած Թուրքիայի հավաքականն է: Մեր ընտրանին եզրափակում է մրցաշարային աղյուսակը: