«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ԵՐԵՎԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԻՆ

Առաջին անգամ Հայաստան կժամանեն ադրբեջանցի մարզիկները

Վերջին տարիներին Երեւանը մեկ անգամ չէ, որ դարձել է միջազգային խոշոր մրցաշարերի մրցավայր: Ամիսներ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ հաջողությամբ անցկացվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Եվ ահա սեպտեմբերի 11-14-ը մարզահամալիրը կհյուրընկալի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին: Մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 40 երկիր, ինչը նմանատիպ մրցումների համար ռեկորդային ցուցանիշ է:

Մի շարք երկրների հետ Երեւան կժամանեն նաեւ Ադրբեջանի ձյուդոյիստները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դա կլինի հարեւան պետության մարզիկների առաջին այցը Հայաստան: Բնականաբար, մինչեւ Երեւան ժամանելու որոշում կայացնելը, Ադրբեջանի պատվիրակությունն անվտանգության ապահովման երաշխիքներ էր պահանջել եւ դրանք ստանալով, վճռել էր մասնակցել մրցումներին: Ադրբեջանի մարզական պատվիրակությունը Երեւան կժամանի 14 հոգով, որից 8-ը ձյուդոյիստներ են: Այսինքն Ադրբեջանի հավաքականը հանդես է գալու քաշային բոլոր 8 կարգերում: Հիշեցնենք, որ 2007-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքվում մասնակցել էր մարզաձեւի աշխարհի առաջնությանը: Եվ ահա այժմ կարծես պատասխան այցով Երեւան կժամանեն ադրբեջանցիները: Ի դեպ, Երեւանում իրենց նորամուտը Եվրոպայի երիտասարդական առաջնություններում կնշեն Ալբանիայի եւ Մոնակոյի ձյուդոյիստները:

Մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռեւս 2 տարի առաջ: Ստեղծվել է կազմկոմիտե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Պետությունն էլ հատկացրել է 50 մլն դրամ: Մրցաշարի պատշաճ կազմակերպման եւ անցկացման համար իրենց ջանքերն են ներդրել նաեւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարին լրջորեն է նախապատրաստվում Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը: Ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի կարծիքով մեր ձյուդոյիստներն ունակ են Երեւանում 6 մեդալ նվաճել: Մեդալների ակնկալիքներ կան 55 կգ, 60 կգ, 73 կգ, 81 կգ, 100 կգ եւ գերծանր քաշային կարգերում: Ընդհանուր առմամբ Հայաստանը տղամարդկանց եւ կանանց մրցումներում կներկայացնեն 14 ձյուդոյիստներ: Կանանց մրցաշարում ակնկալիքները մեծ են 57 կգ քաշային Անուշ Հակոբյանից: Իրենց լավագույնս դրսեւորելու մեծ հնարավորություններ ունեն նաեւ Սոսե Բալասանյանը (48 կգ) եւ Անի Ավագյանը (56 կգ):

Մասնագետների կարծիքով, հիմնական պայքարը Երեւանում կընթանա Ճապոնիայի, Ռուսաստանի, Իտալիայի եւ Հոլանդիայի ձյուդոյիստների միջեւ: Սակայն չի բացառվում անակնկալների գրանցումը, ինչը եզակի երեւույթ չէ նման բարձր կարգի մրցաշարերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4