«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Իտալական Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ շախմատիստներից երկուսը հարյուր տոկոսանոց արդյունք ունեն: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում Վահե Բաղդասարյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով շվեդ Նիլս Գրանդելիուսին: 3-րդ տուրից հետո Վահեն նույնքան միավորով Մարչել Կանարեկի, Բուրակ Ֆիրատի, Անտոնիո Պավլիդիսի եւ Ռոբին վան Կամպենի հետ գլխավորում է աղյուսակը: Տարիքային այս խմբում մեր մյուս մասնակիցը` ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը առաջին միավորը կորցրեց` ոչ-ոքի խաղալով բելառուսցի Վլադիսլավ Կովալյովի հետ: Նա վաստակել է 2,5 միավոր:

Հարյուր տոկոսանոց արդյունքի է հասել նաեւ մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասնակից Կարեն Գրիգորյանը, որը 3-րդ հաղթանակը տոնեց իր հայրենակից Արամ Պլուզյանի նկատմամբ: Վերջինս մինչ այդ եւս երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել: Գրիգորյանը Իվան Բուկավշինի, Գարի Գիրոյանի (Ֆրանսիա), Ալեքսանդր Բորտնիկի, Բրանդոն Կլարկի, Վասիլի Կոշմարի եւ Կիպրիան Բերբատովի հետ ստանձնել է առաջատարի դիրքը: Տարիքային այս խմբում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ Զոհրակ Ապրեսյանը 2,5 միավորով հետապնդում է առաջատարներին: 3-րդ տուրում նա հաղթեց Մարկ Սանչեսին:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում 2,5 միավոր է վաստակել Միքայել Մկրտչյանը, որը հաղթեց Լուկա Մորոնիին: 2-ական միավոր ունեն Արման Պետրոսյանն ու Սուրեն Գեսյանը: Աղյուսակը 3 միավորով գլխավորում են 6 շախմատիստներ: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Իտալիայում հանդես եկող հայաստանցի 23 շախմատիստներից ամենափորձառուն` գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 2 միավոր: Նա 3-րդ տուրում հաղթեց Նորվեգիան ներկայացնող Նիկոլայ Գետզին:

Հայ շախմատիստուհիներն առայժմ ավելի համեստ ցուցանիշներ ունեն: Լավագույն արդյունքը պատկանում է ամենակրտսեր տարիքային խմբի մրցաշարի մասնակից Միլենա Խորոտյանին, որն ունի 2 միավոր: 1,5 միավոր է վաստակել մինչեւ 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արփի Ազիզբեկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4