Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ռուսաստանի շախմատիստուհիների հետ: Այս անգամ էլ մեր թիմին չհաջողվեց հաղթանակ տոնել: Գրանցվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստուհիներից իր օգտին հաղթական միավոր գրանցեց Լիլիթ Գալոյանըՙ պարտության մատնելով Եկատերինա Կովալեւսկայային: Փոխարենն անհաջող խաղաց Սիրանուշ Անդրեասյանըՙ պարտվելով Վալենտինա Գունինային:
Առաջին երկու խաղատախտակների վրա գրանցվեց ոչ-ոքի: Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Տատյանա Կոսինցեւայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Նադեժդա Կոսինցեւայի հետ մրցավեճում: Այսպիսով, 3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Առաջատարը Լեհաստանի հավաքականն է, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ լեհերի «զոհը» Չինաստանի 2-րդ հավաքականն էր, որին առաջատարը հաղթեց 2,5-1,5 հաշվով: Թիմի հաջողությունն ապահովեցին Յոլանտա Զավադզկան եւ Ջոաննա Դվորակովսկան, որոնք հաղթեցին մրցակցուհիներին:
5 միավորով 2-րդ տեղում Վրաստանի հավաքականն է, որը 3-1 հաշվով պարտության մատնեց ուկրաինուհիներին: Մայա Չիբուրդանիձեն ոչ-ոքի խաղաց Նատալյա Ժուկովայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Սոֆիկո Չուխաշվիլին եւ Նատալյա Զդեբսկան: Հաղթանակներ տարան Նանա Ձագնիձեն ու Լելա Ջավախիշվիլինՙ առավելության հասնելով համապատասխանաբար Իննա Գապոնենկոյի եւ Մարիա Մուզիչուկի նկատմամբ:
Չինաստանի 1-ին հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց հնդիկ շախմատիստուհիներին եւ 4 միավորով տեղափոխվեց 3-րդ հորիզոնական: Առաջին միավորը վաստակեց Վիետնամի ընտրանինՙ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը ԱՄՆ-ի թիմի հետ: 4-րդ խաղատախտակի վրա հաջող խաղաց Տաթեւ Աբրահամյանըՙ հաղթելով Պունգ Վո Կիմին: ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ուկրաինայի հավաքականները վաստակել են 3-ական միավոր: