«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2009-09-03 | #158, 2009-09-04 | #159, 2009-09-05


ՏՂԱՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Իտալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 4-րդ տուրում Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը միավորների առաջին կորուստն ունեցան: Եթե մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատար Վահեն ոչ-ոքի խաղաց հոլանդացի Ռոբին վան Կամպենի հետ, ապա Կարենը (մինչեւ 14 տարեկաններ) կրեց առաջին պարտությունը` զիջելով ռուսաստանցի Իվան Բուկավշինին: Վահե Բաղդասարյանը 3,5 միավորով պահպանեց առաջատարի իր դիրքը: Նրան ընկերակցում են եւս 5 շախմատիստներ: Տարիքային այդ խմբում հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան վրացի Զուրաբ Ջավախաձեի հետ, վաստակեց 3 միավոր: Իսկ ահա Գրիգորյանը զգալիորեն նահանջեց: 14 տարեկանների մրցաշարում Իվան Բուկավշինը, Ալեքսանդր Բորտնիկն ու Կիպրիան Բերբատովը 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Արամ Պլուզյանը վաստակել է 3 միավոր, Զոհրակ Ապրեսյանն ունի 2,5 միավոր:

Հաջող են հանդես գալիս նաեւ ավելի կրտսեր տարիքային խմբերում ընդգրկված մեր պատանիները: Մինչեւ 12 տարեկանների մրցավեճում Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը 3,5-ական միավորով առաջատարների խմբում են: Երկուսն էլ հաղթեցին համապատասխանաբար Պիրեն Մարտինսին ու Դանիլ Յուֆային: Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Բալազ Կսոնկան եւ Ավիտալ Բորուխովսկին:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում Միքայել Մկրտչյանը 3,5 միավորով հետապնդում է 100 տոկոսանոց արդյունքի հասած Մարտին Նայհեբահերին, Եվգենի Շթեբուլակին եւ Բենջամին Գլեդուրային: 4-րդ տուրում Միքայելը հաղթեց ռումինացի Ռիզա Սալիմին:

Հայ շախմատիստուհիներն առայժմ հետ են մնում տղաներից: Հայաստանը ներկայացնող 8 աղջիկներից լավագույն արդյունքն ունեն Միլենա Խորոտյանը (մինչեւ 10 տ.), Քրիստինա Մաթեւոսյանն (մինչեւ 12 տ.) ու Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 14 տ.), որոնք վաստակել են 2-ական միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4