«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2009-09-05 | #160, 2009-09-08 | #161, 2009-09-09


ԵՍ` ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԴՈՒ` ՀԱԿԱԶԳԱՅԻՆ

Վաշինգտոնում Հադսոնի ինստիտուտի տնօրեն, հայտնի Մեթյու Բրայզայի տիկին Զեյնո Բարանն ասել է, թե հայ-թուրքական սահմանի բացումը լիովին համապատասխանում է Արեւմուտքի շահերին, այն է` Հայաստանի` Ռուսաստանից եւ Իրանից կախվածության նվազմանը, ինչին երկար տարիներ ԱՄՆ-ը չէր կարողանում հասնել, չնայած Հայաստանին ամեն տարի հսկայական օգնություն է տրամադրում:

Տիկնոջ արտահայտած այդ մեկ պարբերության մեջ այնքան շատ են ենթաիմաստները, որ թերեւս ոչ մեկ ծավալուն մասնագիտական վերլուծություն կարողանա բացել քուրսու տակ պահված ամբողջը: Սակայն տիկնոջ անկեղծությունն, իրոք, ավելի շուտ ուղերձ է մեր միամտությանը (Զեյնո Բարանի` «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցից քաղած տեղեկատվությունը տես այսօրվա «Ազգում»): Երկրորդ շաբաթն էՙ արդեն ընթանում է եւ կես է ընկնում հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո սկսված 6-շաբաթյա քննարկումների սկսված գործընթացը, որն, այնուամենայնիվ, պարզունակ սխեմայից դուրս չի գալիս, «ես` հայրենասեր, դուք` հակազգային» մակարդակից այն կողմ չի անցնում: Այդ քննարկումներում ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիրն է մակերեսին` ասուլիսային մակարդակով, քան թե իրոք վտանգների եւ մտահոգությունների ողջ համալիրի ներկայացումը (մեկ-երկու բացառություն կա): Իսկ շատ կարեւոր էր, որ մեր փորձառու տնտեսագետները, դիվանագետներն ու կուսղեկավարները նստեին, բոլոր ենթաուղղություններով քննարկեին-վերլուծեին, թե սահմանի բացումով, երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումով ի՞նչ է շահում-կորցնում Հայաստանը քաղաքական եւ տնտեսական առումներով, ի՞նչ է շահում տարածաշջանի յուրաքանչյուր խաղացող առանձին-առանձին. եթե, օրինակ, վերցնես ու վերլուծես, թե ի՞նչ է շահում ԱՄՆ-ը, այդ համատեքստում կարող են պարզվել նաեւ Հայաստանի` առայժմ անտեսանելի կորուստները, որովհետեւ մեծ հաշվով հնարավոր չէ, որ համ դու շահես, համ քո հարեւանները, համ էլ` մեծ խաղացողները: Օրինակՙ հենց Զ. Բարանի վերը նշված պարբերության տեսանելի ուղերձներն արդեն անհանգստացնող են եւ խաբկանքի տեղ չեն թողնում, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ը տարբեր ձեւերով ճնշելով, այդ թվումՙ օգնություն հատկացնելով, չէր կարողանում այնպես ճնշել Հայաստանին (նաեւ` Թուրքիային), որ վերջապես համաձայնեն սահմանը բացել, որ օգնություններն առհասարակ ճնշման միջոց են, որ Նահանգների վարչակազմը Ռուսատանի (Իրանի) հետ սերտ կապերից Հայաստանին ուզում է (եւ միշտ է ուզել) ի վերջո պոկել, որ վերջապես, այս նոր փաստաթղթերը ճնշման արդյունքում են ծնվել... Չչափազանցեցինք, կարծեմ, քանի որ այս բոլորը բաց տեքստով դրված են Զեյնոյի ոչ այնքան դիվանագիտական խոսքում: Չէ, մերոնք չեն ուզում նստել-լրջորեն հաշվարկել օգուտն ու վնասը, քաղաքական կորուստ ու շահ, մաթեմատիկական բանաձեւերի երեւույթով` «եթե-ապա»-ի պատասխան ունենալ: Մերոնք էմոցիոնալ տիրույթում են սիրում աշխատել, լավագույն դեպքում` քաղաքական շահախնդրության: Դե, իսկ այս դեպքում շատ հեշտորեն խոսակցությունը կարելի է տանել ոչ թե իսկապես արձանագրությունների թաքնված ականները, քաղաքական սխալ հաշվարկները, կամ իսկապես, նպատակահարմարությունները բացահայտելուն, այլ` «ով կողմ է այս արձանագրություններին` դավաճան է, ով դեմ է արձանագրություններին` ոչինչ չի հասկանում» խոսակցությանը, ինչն, իրոք, այս պահին արդեն կատարվում է Հայաստանում: Իսկ հայտնի բան է` ո՛չ էմոցիաները, ո՛չ քաղաքական նպատակահարմարությունը (այս կամ այն ուժի) համազգային նշանակության, մենք կասեինք` ազգի համար ճակատագրական հարցերում, լավագույն խորհրդատուն չեն: Եթե լսում ես դաշնակցականներին` իրոք, մտածում ես, ո՞նց կարելի է հրաժարվել մեր մեջ նստած հիշողությունից, որ հողային եւ այլ պահանջների նյութական եւ բարոյական կողմն ունի, լսում ես Վազգեն Մանուկյանին` մտածում ես, ճիշտ որ, մեզ պրագմատիզմն է պակասում, լսում ես մեր հեռուստաընկերությունների միագիծ լուսաբանումները` օ, ինչ անամպ է լինելու հայ-թուրքական սահմանի ապագան, իսկ Հայաստանի պետական շահը պահանջում է այդ ապագան: Ու զգում ես վտանգի հոտը` պառակտման տեսիլքը, որ «հայ-թուրքական հարաբերություններ» անվամբ հիմա սկսում է սավառնել հայոց մեջ: Արձանագրությունները կարդալու առաջին իսկ պահից այդ մտածումը կար, թե շուտով անգամ կենցաղային մակարդակով հայը հայի հետ ամենօրյա վիճաբանություն է ունենալու հայ-թուրքական վարիացիաներրով, անգամ կարող է բանը բռունցքների հասնել, այսինքնՙ այս թեման երկրի ներսում եւ սփյուռքում միմյանց հետ կռվելու եւ թշնամանալու մի բավական տեւական առիթ կարող է դառնալ: Փաստորեն իզուր չէ այն մտավախությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները կդառնան մի նոր առիթ` հայ հասարակությունը մի լրացուցիչ անգամ պառակտելու, երբ դեռ լիովին քշված չէ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի պատճառով հասարակության մեջ առաջացած երկպառակության ոգին: Իսկ հիմա, կարելի է ասել, ողջ հայության համար ճակատագրական հարց է լուծվել-չլուծվելու, եւ հավատում եմ իմ աղբյուրներին, որոնք ասում են, թե Հայաստանի ողջ քաղաքական վերնախավը, ո՛ղջ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ծանոթ է եղել արձանագրությունների տեքստին շատ ավելի վաղ եւ ծպտուն չի հանել նախօրոք. այդ դեպքում սա հենց այն է, ինչի մասին ասում ենք, սպասել հարմար պահի` քաղաքական պլյուսներ գրանցելու առումով դիտարկելով համազգային նշանակության խնդիրը: Մինչդեռ եթե ավելի վաղ ծանոթ էին` ամեն կուսակցություն իր ներսում համապատասխան մասնագետների հետ վաղուց վերլուծած պետք է լիներ խնդիը բոլոր ուղղություններով, որ քննարկման հենց առաջին օրերից ձեւավորված ու փաստարկված վերլուծությունները ներկայացնեին հասարակությանը, վերջինս էլ ժամանակ ունենար կողմնորոշվելու: Թե չէ հիմա միայն էմոցիաներով խնդիրը քշել, տակից էլ հույս ունենալով, որ դա մեծ վտանգ չէ Հայաստանի համար, մեկ է` Թուրքիայի խորհրդարանը վիժեցնելու է հարցի վավերացումը, խոսում է այն մասին, որ մեր քաղաքական կուսակցությունների մեծ մասը դեռ չի սովորել գոնե ազգի ճակատագրական խնդիրների առումով համակարգված եւ տքնաջան աշխատել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Մի դիտարկում հընթացս. Հայաստանի նախկին երկու արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը բավական վտանգներ են տեսնում այս արձանագրություններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4