ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը սեպտեմբերի երկրորդ կեսին Լաչինի միջանցք կժամանի` տեխնիկական հետազոտություն կատարելու: Ըստ News.am-ի ռուսական աղբյուրների` առաքելությունն ուսումնասիրելու է Լաչինի միջանցքի լայնությունն ու տեղադրությունը եւ այս մասին զեկույց է պատրաստելու: Այս լուրի սկզբնաղբյուր թուրքական Yeni safak թերթը գրել է, որ ղարաբաղյան խնդրի լուծման մեջ ինչ-որ նորություն կլինի հոկտեմբերի 5-7-ին Մոլդովայում անցկացվելիք ԱՊՀ գագաթնաժողովում, ուր տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Դրանից էլ առաջՙ սեպտեմբերին, Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպելու են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Իսկ հոկտեմբերի 2-3-ին Նախիջեւանում ընթանալիք թյուրքալեզու ժողովուրդների համաժողովին կհանդիպեն եւ Ղարաբաղի հարցով կզրուցեն Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները:
«Ժառանգության» մյուս պատգամավորնե՞րն էլ...
Ըստ «ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը գրել է սեպտեմբերի 2-ին: Արդյոք այն շարժառիթները, որոնք Հովհաննիսյանին դրդել են հրաժարվել մանդատից, նրա կուսակից մյուս պատգամավորների համա՞ր էլ կարող են պատճառ դառնալ` վարվելու նույն կերպ. «Այս պահի դրությամբ այդպիսի հարց դեռ չի քննարկվում, բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի», ասել է երեկ Ա. Մարտիրոսյանը:
Կամ, կամ
«Վստահ եմ, որ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի եւ առաջին հերթին ղեկավարների հեռատեսությունից եւ կամքից... Կամ մենք ենք ուղի հարթում դեպի նոր Հարավային Կովկաս, կամ էլ խորացնում ենք հակասությունները, անվստահությունը եւ թշնամությունը...Հուսով եմ, որ կընտրենք առաջին ուղին». մեջբերումը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից է, որը նա ասել է Խորվաթիայում, այս երկրի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսում, երկուշաբթի օրը: