«Սթրենջեր ֆեստիվալ» շրջիկ կինոցուցահանդես Գյումրիում
Եվրոպական մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ անցյալ տարվա հուլիսի 3-5-ը Ամստերդամում կազմակերպվել է մինչեւ 26 տարեկան երիտասարդ հեղինակների 1-3 րոպե տեւողությամբ սիրողական ֆիլմերի «Սթրենջեր ֆեստիվալ» անունով միջազգային փառատոն, որը որոշվել է դարձնել ամենամյա: Տարբեր երկրների երիտասարդ տեսաձայնագրողներին եւ կինոփորձեր անողներին ինքնագնահատման ու դրսեւորման լավ հնարավորություն ընձեռող այս նախաձեռնությունը, չնայած անվանը (թարգմ. «Օտարական փառատոն»), հիմքում նաեւ ունի աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների միավորելու գաղափարը: Փառատոնի մասնագիտական ժյուրիի ընտրած 7-8 տասնյակ առավել հաջող ճանաչված ֆիլմերը Ամստերդամից հետո «շրջում» ու ցուցադրվում են ամբողջ Եվրոպայում:
Ահա այս շրջիկ ցուցահանդեսը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» եւ «5-րդ հարկ» երիտասարդական մշակութային խմբի ջանքերով սեպտեմբերի 5-12-ը հյուրընկալվել է Գյումրիում, Գեղագիտության ազգային կենտրոնի տեղի մասնաճյուղի սրահներում: Ըստ տարբեր անվանակարգերի 5 սրահներում ներկայացվող 74 շարժանկարները, փոքրիկ տեսանյութերը թեմատիկ բաժանում չունեն, եւ հեղինակների անհատական ընկալումները, կարճ պատմությունները, տպավորություններն ու խոհերն են աշխարհի, մարդու, անձնականի ու հանուրի մասին: Այս առումով դրանք շատ բազմազան են, տարբեր հաջողվածության եւ շատ բանով նաեւ փորձարարական բնույթ ունեն, ինչը առավել հատուկ է երիտասարդներին: Բազմազան է նաեւ հեղինակների «աշխարհագրությունը»:
Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, Գյումրու եւ մարզի որոշ գյուղական բնակավայրերի մի շարք հասարակական կազմակերպություններ, կառույցներ ու անհատներ: Ամեն սրահի մոտ կարելի է կարդալ ընդհանուր տեղեկատվություն այդտեղ ցուցադրվող կինոնկարների մասին եւ հեղինակների անունները: Ի դեպ, դրանք մամուլի հաղորդագրությունից բացի, փառատոնի հետ կապված միակ հայերեն տեղեկատվությունն են: Ինչպես ներկայացվեց շաբաթ օրըՙ ցուցահանդեսի բացումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում, եվրոպացի կազմակերպիչները խնդրել են չթարգմանել նաեւ փառատոնի անունը, որպեսզի վերջինս շարունակ հնչելով` ճանաչվի ու տարածում գտնի:
Իսկ այս տարվա փառատոնը Ամստերդամում տեղի է ունենալու հոկտեմբեր ամսին: Դրանում առայժմ ներկայացված չեն հայ հեղինակների գործեր, բայց նման հրավեր արդեն կա: Մասնակցելու հավակնող երիտասարդները կարող են իրենց կարճ ֆիլմերը տեղադրել www.strangerfestival.com վեբկայքում եւ սպասել... Սա աշխահի երիտասարդների հետ կապ հաստատելու, շփվելու եւ այլոց ներկայանալու լավ հնարավորություն է, միայն եթե կարողանանք նաեւ չկորցնել մեր դեմքը, ներկայանալ մեր գույն ու բույրով:
Ավելացնենք, որ ներկա ցուցահանդեսը համադասող, Գյումրու «5-րդ հարկ» մշակութային խումբը ներկայացնող Արման Թադեւոսյանը հրավիրվել է ընդգրկվելու 2009 թ. փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ