Իտալական Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հանդես եկող հայ շախմատիստներից 7 տուրից հետո լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Սամվելը 6 միավորով Իսրայելը ներկայացնող Տամիր Նաբաթի հետ գլխավորում է աղյուսակը: Սամվելը կրել է մեկ պարտություն, որից հետո 5 անընդմեջ հաղթանակ է տոնել: 7-րդ տուրում նա պարտության մատնեց վրաց շախմատիստ Լուկա Պայչաձեին: 8-րդ տուրում Սամվելի մրցակիցը կլինի Նաբաթը: Եթե հայ շախմատիստին հաջողվի առավելության հասնել նրա նկատմամբ, ապա լուրջ հայտ կներկայացնի նվաճելու գլխավոր մրցանակը:
5,5-ական միավոր են վաստակել Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը (երկուսն էլՙ մինչեւ 16 տ.), Տիգրան Հարությունյանը (մինչեւ 12 տ.), Արման Պետրոսյանն ու Միքայել Մկրտչյանը (մինչեւ 10 տ.): Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Վահեն ու Ռոբերտը մեկ միավորով են զիջում միանձնյա առաջատար, Իսրայելը ներկայացնող Գիլ Պոպիլսկուն: 7-րդ տուրում Բաղդասարյանը հաղթեց հույն Անտոնիոս Պավլիդիսին, Աղասարյանը պարտության մատնեց ֆրանսիացի Ժուլիեն Սոնգին: Հետաքրքրական է, որ 8-րդ տուրում հայ շախմատիստները մրցելու են միմյանց հետ:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Կարեն Գրիգորյանը ունի 4,5 միավոր, իսկ Արամ Պլուզյանն ու Զոհրակ Ապրեսյանը նրան զիջում են կես միավորով: Այստեղ 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են բուլղարացի Կիպրիան Բերբատովը, լեհ Քամիլ Դրագունը եւ իսպանացի Լատասա Սանթոսը:
Մինչեւ 12 տարեկանների մրցաշարի առաջատարն է ռուսաստանցի Եվգենի Զանանը (6,5 միավոր): Իսկ ամենակրտսեր տարիքային խմբում 6 միավորով միանձնյա առաջատարը հունգարացի Բենջամին Գլեդուրան է: Նրան կես միավոր են զիջում Արման Պետրոսյանն ու Միքայել Մկրտչյանը: 7-րդ տուրում Մկրտչյանն անդրանիկ պարտությունը կրեց Բենջամին Գլեդուրայից, այլապես ինքը կգլխավորեր աղյուսակը:
Ի տարբերություն պատանիների, հայ աղջիկները համեստ ցուցանիշներ ունեն եւ առաջնության պարգեւներին չեն հավակնում: Լավագույն արդյունքի է հասել մինչեւ 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Մեսելջյանըՙ վաստակելով 3,5 միավոր: