Դրանով Հայաստանի հետ սահմանի բացման նկրտումներ է ցուցաբերում նաեւ Բաքուն
Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացի սկզբնավորումն ու նախաստորագրված արձանագրությունների հրապարակումն այնպիսի ցնցում էին պատճառել Ադրբեջանին, որ ադրբեջանական մամուլը, հեղեղված հակաթուրքական հոդվածներով, Թուրքիային անընդմեջ մեղադրում էր դավաճանության մեջՙ պահանջելով հավատարիմ մնալ մինչ այդ տված եղբայրության խոստումներին: Թե ի՞նչն է փոխվել վերջին մեկ-երկու օրվա ընթացքում, չգիտենք: Բայց որ Հայաստանի հետ սահմանների բացման նախանշաններ է ցուցաբերել նաեւ Ադրբեջանը, ակնհայտ է:
Ինչ վերաբերում է սահմանի «բացման» ադրբեջանական նկրտումներին, ապա այդ մասին սեպտեմբերի 8-ի համարում հստակ պատկերացում է տալիս «Ռադիկալը»: Ահա թե ինչ է գրում թուրքական թերթը «Ադրբեջանի ղարաբաղյան նախաձեռնությունը» վերնագրով հոդվածում. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման նախաձեռնության ցուցաբերումից հետո Ադրբեջանը նույնպես Երեւանի հետ սահմանի բացման պատրաստակամություն հայտնեց: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հինգի ազատման դեպքում կարող են բացել տարիներ շարունակ չգործող երկաթուղին եւ ցամաքային ճանապարհը:
Թուրքիայի հայաստանյան նախաձեռնության առաջին քայլին, որը կատարվել էր դեռեւս գարնանը, Ադրբեջանը պատճառաբանելով, թե դա կատարվել է առանց Ղարաբաղում օկուպացիայի վերացման, բուռն հակազդեցություն էր ցուցաբերել: Իսկ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին աջակցելու ազդանշաններ է հաղորդում: NTV-ի վկայությամբ, ռուսական մամուլին արած հայտարարության մեջ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Փոլուխովն ասել է. «Սկզբնական փուլում պետք է Ադրբեջանի վերահսկողությանն անցնեն Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հինգըՙ Աղդամը, Ֆիզուլին, Զանգելանը, Ջեբրայիլը եւ Ղուբաթլուն: Պետք է ժամանակացույցով հստակեցվի Լաչինի ու Քելբաջարի օկուպացիան վերացնելու ժամկետը: Մենք էլ փոխարենը կբացենք երկաթուղին եւ ավտոճանապարհները»:
Փոլուխովը միաժամանակ ընդգծեց, որ աշխատանքներ են կատարվելու երկու ժողովուրդների միջեւ վստահության հաստատման համար: Նա հնարավոր համարեց Ղարաբաղի եւ Երեւանի միջեւ անվտանգ ու անխափան հաղորդակցության ցանցի ստեղծման հավանականությունների քննարկումը: Այս ամենով հանդերձ, Փոլուխովի կարծիքով, Ղարաբաղը պետք է ենթակա լինի Ադրբեջանին: Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի դրածո վարչակարգին, ապա ստիպված է լինելու հաշտվել դրա հետեւանքների հետ եւ ոչ ոք չի հանդուրժի ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի եւս 15-20 տարի ձգձգումը»:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի ասածները մեկնաբանության կարիք չեն զգում: Ակնհայտ է, որ նա շատ մեծահոգի է, ուստի մեծահոգաբար շնորհ է անում հայերին, կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, հավի պես կորեկ է տեսնում երազում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ