2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարել է իր հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրել է, որ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի` հանձնաժողովին ներկայացրած զեկույցի մեջ նշված փաստերի հավաստիությունը ճշտելու նպատակով Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ուսումնասիրություն է կատարել վերոնշյալ փաստերի վերաբերյալ:
Աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը, անդամներ Արտյուշ Շահբազյանը եւ Արամ Հարությունյանը ներկայացրել են իրենց ուսումնասիրության արդյունքները:
Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ իրենք այցելել են պաշտպանության նախարարության թիվ 98/360 իրային պահեստ ու ստուգել ապրանքների շարժը գրանցող գրանցամատյանները: Վերջիններս պարզել են, որ փաստահավաք խմբի նախկին անդամների տեղեկությունը, թե մարտի 1-ին 950 զինվորական հագուստ է դուրս գրվել այդ իրային պահեստից, չի համապատասխանում իրականությանը:
Արսենյանի խոսքով` հիշյալ պահեստից ապրանքային շարժ եղել է փետրվարի 24-ին եւ մարտի 4-ին, այն էլ պահեստից դուրս են գրվել սրբիչներ եւ մահճակալներ, ոչ թե հագուստ: Դաշնակցական Արտյուշա Շահբազյանը նշել է, թե իրենք վստահ են, որ ստուգել են հենց այն գրանցամատյանը, որը գործել է նախորդ տարվա մարտյան դեպքերի ժամանակաշրջանում: Ըստ Շահբազյանի` իրենց տրամադրված գրանցամատյանը կարված էր, փակված, ու այնտեղից անգամ մեկ էջ հնարավոր չէր լինի հանել:
Իսկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը վստահ է` ՊՆ պահեստներից 2008թ. մարտի 1-ին հագուստ է բաժանվել, եւ որ փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթը իրական է:
«Տրամաբանական է, որ եթե նման բան է եղել, ապա դա պետք է արվեր առանց փաստաթղթերի, սակայն արյունալի գործարքների ժամանակ միշտ փաստաթղթեր են ձեւակերպում, որպեսզի արյունը չկորի եւ չկարողանան դրանից հրաժարվել», ասել է նա: Անդրադառնալով Արսենյանի եւ հանձնաժողովի մյուս անդամների այն պնդումներին, թե ՊՆ պահեստների գրանցամատյանները կեղծված չէին, Արամ Կարապետյանը նշել է. «Իսկ ո՞վ է ասում, որ հանձնաժողովի անդամներին ցույց են տվել հենց այն գրանցամատյանը, որտեղ գրանցվել է այդ հագուստների եւ գլխարկների դուրսբերումը, կամ ինչո՞ւ եք կարծում, որ գոյություն չունի 2-րդ կամ 3-րդ գրանցամատյան»:
Ն. Մ.