«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2009-09-08 | #161, 2009-09-09 | #162, 2009-09-10


ԹԻՐԱԽԸ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՅԼԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՆ Է

Ըստ Ստեփան Սաֆարյանի

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ թերթերից մեկը սկանդալային բացահայտումներ էր արել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ կապված, թե նրանք կեղծել են ներկուսակցական քվեարկությունների արդյունքները, եւ Ազգային ժողով են մուտք գործել իշխանությանը ձեռնտու պատգամավորներ, այս կարգի մեծ սկանդալի եւ ներկուսակցական խնդիրների պատճառով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել մանդատը:

«Արցախ» ակումբում երեկ հանդիպելով լրագրողներին` «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը սա զառանցանք անվանեցՙ նկատելով, որ Խուրշուդյանը վարչության անդամ չէ, իսկ Մարտիրոսյանն ինքն է կանխել կեղծումները. այս եւ համանման հրապարակումները մամուլում նա կապեց Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին շրջանի դիրքորոշումների (այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ) հետ` մինչեւ մանդատից հրաժարում. «Թիրախը Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի արժեզրկումն է եւ դրան այլ մեկնաբանություններ տալը: Րաֆֆու քայլը ներկուսակցական պատճառներ չունի: ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հայտարարությունները «հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ» արմատապես տարբերվում են, դա այն խնդիրն էր, որ հնարավորություն կտար ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ինՙ այդ երկու բեւեռներին բերելու նույն դաշտ: Այն բանից հետո, երբ «Ժառանգությունը» սեղանին դրեց իր գործողությունների ծրագիրը առաջիկա անելիքների մասին եւ հայ-թուրքական, նաեւ` ղարաբաղյան խնդրի կապակցությամբ, սա եղավ... Ես այլ բացատրություն չունեմ` ինչո՞ւ են իշխանական թերթերի մեկնաբանությւնները համընկնում ՀԱԿ-ի պաշտոնաթերթերի կարծիքներին: Ցավոք` ապացուցվում է, որ լիդերության ամբիցիաներն ավելի կարեւոր եւ էական են իրենց համար, քան միասնական գնալու հրամայականը, որը բխում է բոլորի շահերից»: Սա բաց ենթատեքստով ակնարկ է ՀԱԿ-ի հանդեպ որպես նման «բացահայտումների» հեղինակի:

Իսկ հայ-թուրքական արձանագրությունների առիթով էլ ասաց. «Ըստ էության ամբողջ թիմով, մեծից փոքր, կոլոտից բոյով, չաղից նիհար, համաձայնություն տվեցին այդ արձանագրությունների վավերացմանը... այս արձանագրությունների ստորագրումը թուլացնելու եւ անպետք է դարձնելու ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ այն ստորագրած նախագահին, եւ հետագայում ստիպված են լինելու ուղղակի նախագահափոխություն անել (նկատի ունի երկրի վրա ճնշում գործադրողներին-Մ.Խ.), քանի որ այս նախագահն իրենց այլեւս պետք չի գալու ստորագրելուց հետո: Չհասկացան, որ Ռոբերտ Քոչարյանի հաջողության գրավականը չստորագրելն էր եւ չստորագրելու միջոցով իր հետ ակնկալիքներ կապելը: Գնալ այս ճանապարհով` նշանակում է գնալ- զոհաբերվել, եւ մենք չենք կարող օգնել եւ փրկել:

Բնականաբար յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում կայացնում` իր հաշվարկների համատեքստում, այդ համատեքստում ստրատեգիական քայլ է կատարվել Ր. Հովհաննիսյանի կողմից` մանդատը վայր դնելու»: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:

Ըստ Ս. Սաֆարյանի` նախաստորագրված արձանագրությունների հրապարակմանը զարգացումներ հաջորդեցին: Պարզվեց, որ Հայաստանում կամ կարդում-չեն հասկանում, կամ կարդալ չգիտեն ոմանք. սեպտեմբերի 1-ից սկսված երգեցողությունը «շատ լավ է» նոտայով էր նախ (խոսքն իշխանական մեկնաբանությունների մասին է), այնուհետեւ մի երկու օր հետո վերածվեց «լավ է» նոտայի, այսօր կարծես թե կա «վատ է» նոտան, եւ այս երգեցողության փոփոխության վրա իր ազդեցությունը թողեց «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը` մինչ այժմ հայտնի հայտարարությունների մեջ միակը, որը ոչ միայն գնահատական է պարունակում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, կուսակցության վերաբերմունք, այլեւ ունի կոնկրետ գործողությունների ծրագիր: Իբրեւ առաջին քայլերից մեկը Ս. Սաֆարյանը նշեց կուսակցության անունից խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկը. ըստ պատգամավորի` հաջորդ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե խորհրդարանական մեծամասնությունը որքանով է շահագրգիռ այդ լսումները հրավիրելու, ինչպես նաեւ որքանո՞վ են շահագրգիռ Հայաստանի իշխանությունները այս արձանագրությունների վերաբերյալ խորհրդատվություններ կազմակերպելու, ինչը խոստացել են արձանագրություններին կից հաղորդագրությամբ:

Ս. Սաֆարյանն ասաց, որ «Ժառանգության» մյուս պատգամավորներն իրենց մանդատները վայր չեն դնելու` ԱԺ-ն կարող է տեղ լինել իր նման սկսնակ քաղաքական գործչի, բայց ոչ Ր. Հովհաննիսյանի մնան առաջնորդի համար. վերջինս ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցելու քաղաքականությանը, իսկ «Ժառանգությունն» էլ ավելի ինքնուրույն է լինելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4