Խորհուրդ է տալիս Մարտին Շահբազյանը
Լուսանկարիչ Մարտին Շահբազյանի 35 տարվա լավագույն աշխատանքներն ամփոփված են «Իմ Հայաստան» ալբոմում, որի շնորհանդեսը կայացավ երեկ Նկարիչների միությունում: Գրքի շնորհանդեսին զուգահեռ բացվեց Շահբազյանի ավելի քան հարյուր լուսանկարների ցուցահանդեսը: Օրվա հերոսը խոստովանում է, որ աշխատանքի հանդեպ իր մոտեցումը պարզ, բայց շատ պատասխանատու է: «Ամբողջվին լարվում եմ ու մտածում միայն լուսանկարի մասին: Նախագահների հանդիպման ժամանակ ոչինչ չեմ լսում, հասկանում: Շատերը զարմանում են, թե ինչպես է հնարավոր, որ խոսակցությանը ներկա գտնվելովՙ ոչինչ չլսեմ: Նրանց բացատրում եմ, որ այդ պահին կենտրոնանում եմ աշխատանքի վրա, ու մնացյալ ոչինչ ինձ համար նշանակություն չունի», ասում է լուսանկարիչը:
Լուսանկարչական ապարատն արդեն մի քանի տասնամյակ դարձել է իր հավատարիմ ընկերը: Նկարել է շատերին` պետության գլխավոր դեմքերի, կաթողիկոսների, արվեստի նշանավոր գործիչների, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների լուսանկարիչն է: «Սիրելի նկարներ շատ ունեմ: Լուսանկար ունեմ, որտեղ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը զրուցում են: Սիրելի ու լավ ստացված լուսանկարներից է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհավորանքը նորընտիր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին: Շատ գեղեցիկ նկար է ստացվել, բայց երբ ցույց տվեցի առաջին նախագահին, չհավանեց, ասաց` դուրս այնքան էլ չեկավ: Չգիտեմ, երեւի խոնարհված էր կաթողիկոսի առջեւ, դրա համար էլ չի հավանել», նկատում է լուսանկարիչը:
Մարտին Շահբազյանի մի քանի լուսանկար գտնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արխիվում: «Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի լուսանկարիչը չէր եկել: Որոշեցի նրա համար մի լուսանկար պատրաստել: Հետո նրան նվիրեցի: Բոլորը զարմացել էին, որ մոտեցա եւ լուսանկարները հանձնեցի նախագահին: Ավելի ուշ Իլհամ Ալիեւը շնորհակալություն հայտնեց լուսանկարների համար եւ ասաց, որ շատ է հավանել», պատմում է Շահբազյանը:
70-ամյա լուսանկարիչը խոստովանում է, որ երջանիկ է, ունի սիրած աշխատանք, ընկերներ ու ընտանիք: Անցյալը վերհիշելով` Շահբազյանը հիշում է ակնթարթներ, որոնք կցանկանար լուսանկարել, բայց չի ստացվել: «Սեւանում էի, հրաշալի առավոտ էր: Կարող էի մեկ կադրում լուսանկարել Արարատն ու Սեւանը, բայց ապարատս չէի վերցրել: Անցել է մի քանի տասնամյակ, բայց այդ ակնթարթը չեմ կարողանում մոռանալ ու անընդհատ մեղադրում եմ, որ այդպիսի հնարավորությունը չօգտագործեցի», հիշում է Մարտին Շահբազյանը: Երիտասարդ լուսանկարիչներին էլ խորհուրդ է տալիս սիրել գործը, դարձնել արվեստ, շատ աշխատել ու նկարելուց բավականություն ստանալ: «Եթե մի օր զգամ, որ այլեւս չեմ ցանկանում լուսանկարել, նշանակում է` կյանքս ավարտվել է: Լուսանկարելը դարձել է կենսական պահանջ, թթվածին, օդ, որ հարկավոր է ապրելու համար», ասում է լուսանկարիչը:
«Ստեղծագործող, որ սիրում է իր հայրենիքը ու պատահական չէ, որ ալբոմն անվանել է «Իմ Հայաստան»: Նրա ստեղծագործությունները խորհրդանշում են բարձր պրոֆեսիոնալիզմ: Լուսանկարչությունը համարում եմ կերպարվեստի յուրահատուկ տեսակ, որտեղ իր ուրույն տեղն ունի Մարտին Շահբազյանը», նկատեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ