«Ազգ» թերթի սեպտեմբերի 3-ի համարում զետեղված էր մի հոդված ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի մամլո ասուլիսում հնչած այն մտահոգությունների մասին, որոնք վերաբերում են պետական համալսարանի այսօրվա խնդիրներին: Մայր բուհի խնդիրները պետք է հուզեն ամբողջ հասարակությանը` հաշվի առնելով այդ բուհի ունեցած դերը քաղաքացիական հասարակություն ստեղծելու եւ ընդհանրապես պետության ամրապնդման գործում: Առավելապես այդ խնդիրները մտահոգիչ են «ներսի մարդու» համար, որն իր ամենօրյա աշխատանքով է դրանց առնչվում: Խոսքս, սակայն, չի վերաբերելու բազմիցս բարձրաձայնած կաշառակերության խնդրին եւ ոչ էլ որոշ ուսանողների «շփացածության» աստիճանին, որի մասին խոսում էր բուհի ռեկտորը, այլ կուզենայի անդրադառնալ նրա այն մտահոգությանը, որ մասնավորապես գերմաներենի եւ ֆրանսերենի բաժիններում այս տարի առկա է նույնիսկ անվճար տեղերի համար անբավարար ընդունելություն կամ, ավելի պարզ, ուսանողների պակաս:
Կարծում եմ, որ դիմորդների, հետեւաբար նաեւ ուսանողների պակասը որոշ մասնագիտությունների, մասնավորապես օտար լեզուների գծով ունի շատ օբյեկտիվ պատճառներ: Նախ, գաղտնիք չէ, որ այս եւ նաեւ հաջորդ երկու-երեք տարիների դիմորդները այն մութ ու ցուրտ 90-ականների սերունդն են, մի ժամանակահատվածի, երբ ծնելիությունը հանրապետությունում աղետալի անկում էր ապրում: Եթե անկախության առաջին շրջանում օտար լեզուների ֆակուլտետները մեծ պահանջարկ էին վայելում եւ շատ մոդայիկ էին` հանրապետությունը կապեր էր հաստատում արտասահմանի հետ, օտար լեզվին տիրապետելը դառնում էր առաջնահերթ, հետեւաբար նշված ֆակուլտետներում գրանցվում էր ամենաբարձր մրցույթը, իրավիճակը կտրուկ տարբեր է այսօր: Մի կողմից` նույն այդ արտասահմանի հետ տնտեսական եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ օտարերկրյա ձեռնարկությունների ներթափանցումը մեր երկիր, մյուս կողմից` Հայաստանի համար տնտեսական առաջնահերթությունների եւ գերակա ճյուղերի սահմանումը իրավիճակը բնականոն կերպով շրջեցին տնտեսագիտական, իրավաբանական, դիվանագիտական եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությունների օգտին: Այսինքն` արդեն իսկ քիչ թվով դիմորդներն այսօր ուղղվում են դեպի այդ մասնագիտությունները, ինչը հասարակության եւ երկրի պահանջներին համապատասխանող շատ բնականոն ընթացք է: Իսկ այսօրվա դիմորդն ավելի ու ավելի իրատես է իր մասնագիտական հեռանկարի առնչությամբ: Այսինքն` այլեւս բավարար չէ լինել միայն օտար լեզվի մասնագետ, ավելի նախընտրելի է լինել վերը նշված ոլորտներից որեւէ մեկի մասնագետ օտար լեզվի կամ լեզուների իմացությամբ: Բնականաբար աշխատանք գտնելու եւ լավ վարձատրվելու հավանականությունն այս պարագայում ավելի մեծ է, քան բանասիրական կրթությամբ շրջանավարտի համար, որն առավել հաճախ ստիպված է լինում իր տարիների ուսումից, ներդրած ջանքերից եւ միջոցներից հետո կատարել օգնական-ռեֆերենտի կամ որ նույնն է` քարտուղարի աշխատանք: Հայտնի պատճառներով իրապես շատ քչերն են այսօր մնում բուհում որպես դասախոս կամ գնում դպրոց որպես ուսուցիչ, ինչն էլ բերում է կադրերի պակասին, խնդիր, որի մասին բոլոր իր հարցազրույցներում իրավացիորեն նշում է Ա. Սիմոնյանը:
Ստացվում է մի իրավիճակ, երբ այսքան փոքրիկ հանրապետության համար լեզվաբանական համալսարան եւ լեզվական ֆակուլտետներ ունենալը կարող է անիմաստ շքեղություն թվալ` մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ դրանց շրջանավարտների զգալի մասը համալրելու է գործազուրկների բանակը, մի մասն էլ ստիպված վերապրոֆիլավորվելու է: Ուստի չեմ կարող համաձայնել մեծարգո ռեկտորի այն պնդմանը, որ համալսարական կրթությունը անհրաժեշտ է արդեն իսկ միայն պատշաճ դաստիարակություն ունենալու համար: Այսօր դա համոզիչ փաստարկ չէ այն դիմորդի համար, որն ականատես է լինում, թե ինչպես բացահայտ անդաստիարակ, եթե չասենք` անկիրթ մեկը կարող է շատ բարձր դիրքեր զբաղեցնել:
Բնականաբար կոչս չէ` փակել լեզվական բուհերն ու ֆակուլտետները: Բայց ամեն տարի հարյուրավոր գործազուրկ լեզվաբաններ, գրականագետներ եւ թարգմանիչներ թողարկելն էլ ռացիոնալ չէ: Ժամանակակից աշխարհը բնութագրող հատկությունը ճկունությունն է, հնարավոր միտումներն ու զարգացումները կանխորոշելու ունակությունը: Մի բան, որ հիմնովին բացակա է մեր բուհերի գերակշիռ մասում` հաճախ, իհարկե, միջոցների, դասախոսներին արտերկիր մասնագիտական վերապատրաստման ուղարկելու հնարավորության բացակայության եւ այլ խնդիրների պատճառով, բայց առավել հաճախ` ցանկության, նորարար մոտեցումների բացակայության, ինչու չէՙ նաեւ ավագ սերունդ-երիտասարդ սերունդ անիմաստ մրցակցության (որում որպես կանոն հաղթողը հին եւ քարացած մեթոդներից կառչող, նորարարությունից խուսափող ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ են) պատճառով:
Լեզվական ֆակուլտետներն այսօր, ցավոք, գրավիչ չեն կամ պակաս գրավիչ են, եւ դա` նաեւ դասավանդման մոտեցումների եւ մեթոդների պատճառով: Օտար լեզուների դասավանդման ոլորտում Եվրոպայում արդեն մի քանի տարի էՙ գործում է լեզվի իմացության չափման համաեվրոպական սանդղակը, որը ենթադրում է լեզվի դասավանդման եւ գիտելիքների ստուգման հստակ մեթոդոլոգիա: Նախկին խորհրդային երկրներից այդ սանդղակն արդեն կիրառվում է մերձբալթյան հանրապետություններում, Մոլդովայում, ընդ որում, կիրառվում է ոչ միայն բուհական կրթության մակարդակով, այլեւ նախակրթարաններից սկսած: Մեզ մոտ, եզակի բացառություններով (օրինակ` Ֆրանսիական համալսարանում այդ սանդղակն է ընկած ֆրանսերենի դասավանդման հիմքում), այդ սանդղակի եւ ոչ էլ օտար լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդների մասին ոչ մի բան հայտնի չէ: Եվրոպայում եւ մասնավորապես Ֆրանսիայի համալսարաններում գոյություն ունեն բաժիններ կամ լեզվի կենտրոններ, որոնք պատրաստում են ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդելու կամ ֆրանսերենը հատուկ նպատակներով դասավանդելու մասնագետներ, ընդ որում ֆրանսերենի փոխարեն կարող է լինել որեւէ այլ լեզու: Եթե ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդող մասնագետը աշխատում է լեզուն չկրող օտարերկրացիների հետ (միգրանտներ, մասնագիտական նպատակներով Ֆրանսիայում գտնվող անձինք եւ այլն), ապա ֆրանսերենը հատուկ նպատակներով դասավանդող մասնագետը աշխատում է, օրինակ, Ֆրանսիայում սովորող օտարերկրյա ուսանողների հետ, որոնք մասնագիտանում են տնտեսագիտության, բժշկության կամ որեւէ այլ ոլորտում: Ֆրանսերենը հատուկ նպատակներով դասավանդող մասնագետը իր դասավանդումը կազմակերպելու համար ստիպված է աշխատել մասնագիտական դասընթացի դասախոսի, օրինակ` տնտեսագիտության մասնագետի հետ վերջինիս դասախոսությունները ձայնագրելու կամ տեսագրելու եւ ստացված նյութի հիման վրա ֆրանսերենի դաս պատրաստելու նպատակով: Այս ամենն, իհարկե, պահանջում է տեխնիկական կամ այլ միջոցներ, որ տվյալ դասախոսին տրամադրում է բուհը: Սակայն դժվար չէ պատկերացնել այն օգտակարությունը, որ ուսանողը ստանում է այդ դասից, քանի որ նա ֆրանսերենով ստանում է գիտելիքներ, որոնք նրան անհրաժեշտ են մասնագիտական դասախոսություններին հետեւելու համար եւ անմիջապես կիրառելի են այդ դասընթացի ընթացքում: Այլ կերպ` օտար լեզուն հաջողությամբ սովորելու համար պետք է լինի որեւէ հիմնավորում, դրդապատճառ:
Իհարկե, մենք Ֆրանսիայում չենք, ոչ էլ ունենք օտարերկրացիներին ֆրանսերեն սովորեցնելու խնդիր, սակայն ինչո՞ւ չկիրառել նույն մոտեցումները հենց, օրինակ, թարգմանիչների պատրաստման ժամանակ: Վերն արդեն հիշատակել եմ օտարերկրյա ձեռնարկությունները, որոնք որպես կանոն աշխատանքի են ընդունում կոնկրետ օտար լեզվի տիրապետող տեղացի մասնագետների կամ շահագրգռված են, որ իրենց հայ աշխատակիցներն աշխատանքին զուգահեռ սովորեն պահանջվող օտար լեզուն, ուրեմն` ինչո՞ւ նրանց չառաջարկել, ասենք, բուհի շրջանակներում վերոնշյալ մեթոդներով լեզուն դասավանդող կենտրոնների ծառայությունները, որտեղ կաշխատեն տվյալ բուհի շրջանավարտները: Ստացվում է` աշխատանքային հեռանկար ուսանողի համար, բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր եւ արդյունավետ եղանակ, լրացուցիչ ֆինանսական միջոցներ բուհի համար: Ահա եւ ճկունության օրինակ:
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ֆրանսիայի Լիոն 2 համալսարանի երկրորդ աստիճանի մագիստրոս