«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2009-09-08 | #161, 2009-09-09 | #162, 2009-09-10


ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 105-ամյա միջնակարգ դպրոցը երեկ հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամիՙ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի տեղական մարմինների եւ Գերմանիայում գործող «Հայ գործարարների միության» անդամներին, որոնց համաֆինանսավորմամբ 1973-ին կառուցված դպրոցը հիմնովին վերանորոգվել է։ Իսկ դպրոցի ողջ կահավորումը, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության կաբինետները, լաբորատորիաները ֆինանսավորել է Ավստրալիայի տեղական մարմինը։

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 180 մլն դրամ է։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին տեղի հոգեւորական Հարություն Ճաղարյանի ջանքերի շնորհիվ Խաշթառակում բացվել է դպրոց, սակայն հետո այն քանդվել է ու տեղը կառուցվել նորըՙ 1973-ին ու անվանակոչվել սիրված ու հարգված հոգեւորականի անվամբ։ Դպրոցի բակում աշակերտներն ու ուսուցչական կազմը աղուհացով, դհոլ-զուռնայով դիմավորեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ համայնքի ղեկավարների ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին, Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխանորդ հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանին, ՀՀ հիմնադրամի գործադիր վարչության փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին եւ շատ ու շատ հյուրերի։ Դպրոցի բակում, փողային նվագախմբի հնչյունների ներքո կայացավ միջն. դպրոցի երեք մասնաշենքերի վերաբացման տոնական արարողությունը, որի ընթացքում ելույթներ ունեցան Ժիլբեր Մոմջյանն ու Ավետիս Կիզտրյանը (Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինների ատենապետներ), դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանը, ուսուցչուհի Վարդուշ Եղիկյանը, 11-րդ դասարանցի Արփինե Բեգլարյանը, ջերմորեն շնորհավորեցին դպրոցի վերաբացման առիթով ու երախտագիտության խոսքեր հղեցին բարերարների, մարզի ղեկավարության, կառավարության հասցեին։

Մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզի ողջ բնակչության անունից գնահատանքի խոսքեր հղեց կառավարությանըՙ Տավուշի մարզը «Մարզերի զարգացման ծրագրում» ընդգրկելու եւ դրանք իրականացնելու համար։ Նաեւ շնորհակալական խոսքեր հղեց ՀՀ հիմնադրամին ու նրա մարմիններին, մարզում ծրագրերին աջակցելու ու ֆինանսավորելու համար։ Դպրոցի նորամուտի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, հովանավորներին եւ հիմնադրամի փոխտնօրենին։

Այնուհետեւ հյուրերը շրջեցին դպրոցի երեք մասնաշենքերով, հիացան շինարարական աշխատանքների գերազանց իրականացմամբ ու զրուցեցին աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Մանկավարժներին իր օրհնության խոսքը հղեց հայր Թորգոմն ու հորդորեց կրթել մեր երկրին պիտանի զավակներ։ Իսկ 1-3-րդ դասարանի բոլոր աշակերտներն ԱԺ պատգամավորի կողմից ստացան նվեր դպրոցական պայուսակՙ գրենական պիտույքներով։ Դպրոցի շրջակայքը թնդում էր ուրախությամբ ու ոգեւորությամբ, ծաղկեփնջերի ու ջերմ խոսքերի հեղեղով։ Հրաժեշտից առաջ հովանավորները, դիմելով ներկաներին, խնդրեցին. «Աչքի լույսի պես պահել հարազատ դպրոցը»։

«Ազգը» զրուցեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ, նա տեղեկացրեց, որ դպրոցաշինական ծրագրերը երեք տարբեր ուղղություններով են իրականացվումՙ պետական բյուջեից, տարբեր կազմակերպությունների եւ հիմնադրամիՙ կրկին վերականգնելով միջոցներով։ Իսկ հարցին, թե տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը չի՞ թողնի, Գեւորգյանն ասաց. «Ճիշտ չի լինի ասել, որ որեւէ կերպ չի անդրադառնա, որովհետեւ մեր ցանկություններն ավելի մեծ են, քան հնարավորությունները, եւ դեռ մեր հանրապետությունում ունենք շատ դպրոցներ, որոնք լուրջ վերանորոգման կարիք ունեն։ Այժմ այդ դպրոցների վերանորոգման ծրագրերն են կազմվում, շուտով դրանց մասին կտեղեկանաք»։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4