«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2009-09-08 | #161, 2009-09-09 | #162, 2009-09-10


ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալել էր Բելգիայի ընտրանուն: Վերջինս մեր ֆուտբոլիստների համար ամենաանհարմար մրցակիցներից մեկն է, որի հետ կայացած նախորդ չորս հանդիպումներն էլ ավարտվել են «կարմիր սատանաների» հաղթանակով: Ընդ որում, մեր հավաքականն այդ խաղերում չէր կարողացել գրավել բելգիացիների դարպասը:

Երկու թիմերն էլ խաղին ներկայացել էին հոգեբանական ծանր իրավիճակում: Բելգիայի ընտրանին չորս օր առաջ Իսպանիայում 0-5 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել Եվրոպայի չեմպիոնից` զրկվելով 2-րդ տեղի համար պայքարելու վերջին հույսից: Իսկ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին թերեւս ավելի շատ մտահոգել էր «Հերիք է մեզ խայտառակեք» ցուցապաստառը, քան բոսնիացիներից կրած հերթական պարտությունը:

Ոմանք այն կարծիքին էին, որ բելգիացիները զրկվելով ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, Երեւանում առանձնակի ջանքեր չեն ներդնի հաջողության հասնելու համար, ինչը ձեռնտու կլինի մեր ֆուտբոլիստներին: Սակայն խաղի նախօրեին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանսուա Վերկոտերենը հայտարարել էր, որ հայերի հետ հանդիպումը շատ կարեւոր է իրենց համար, եւ որ իրենք եկել են իրենց ուժը ցուցադրելու:

Բուքմեյքերներն էլ հաշվետու խաղում նախապատվությունը տալիս էին բելգիացիներին, որոնց հաղթանակը գնահատում էին 1,68 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը բավական բարձր էր` 4,70, իսկ ոչ-ոքին գնահատվում էր 3,30:

Ի պատիվ հայ ֆուտբոլիստների, նրանք վերելքով անցկացրին հանդիպումը եւ 2:1 հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեցին: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Հովհաննես Գոհարյանը, ընդմիջումից քիչ անց, անհատական գեղեցիկ անցումը դարպասի գրավմամբ ավարտեց հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Միայն խաղի վերջին րոպեին հյուրերից Դանեիլ վան Բյույտենին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4