«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2009-09-09 | #162, 2009-09-10 | #163, 2009-09-11


«ԻՍԿ ԵԹԵ ԱՂՆ ԻՐ ՀԱՄԸ ԿՈՐՑՆԻ...»

Անկախ այն բանիցՙ համակրո՞ւմ ենք «Ժառանգություն» կուսակցությանն ու խմբակցությանը, թե՞ ոչ, միայն ցավ եւ ափսոսանք կարող ենք զգալ նրա քայքայման փաստի դիմաց: Քայքայումՙ ոչ անպայման կազմակերպական-կառույցային իմաստով, այլՙ քաղաքական իմիջի, խորհրդարանական ոլորտներում իր իրական կամ թվացյալ ներկայության առումով: Շատերին թվում էր, որ մեծամասամբ երիտասարդ, ուսյալ, մասնագիտական լավ որակներ, արտահայտվելու դյուրություն ունեցող պատգամավորական այս խումբը կարող է հեռանկարային օրինակ ծառայել մեր երկրի ապագա խորհրդարանի եւ ընդհանրապես քաղաքական դաշտի համար: Խմբակցության պատգամավորները, նույնիսկ երբեմն ձախ ու ձախլիկ դրսեւորումներով հանդերձ, հույս էին ներշնչում, որ պառլամենտարիզմն ապագա ունի Հայաստանում: Վերջապես, նրանք ո՛չ գող, ո՛չ խուժան, ո՛չ էլ անձեռնմխելիության իրավունքից կամ իշխանական վերմակից օգտվող շահամոլներ չէին, եւ չեն:

Թվում էր:

Համակրանքի չափաբաժինը նրանց նկատմամբ հավելում էր կրում թերեւս նաեւ այն պատճառով, որ կուսակցությունը գրեթե մշտապես գործում էր մի կողմից իշխանությունների, իսկ մյուս կողմիցՙ Հայ ազգային կոնգրեսի, իսկ վերջերս նաեւ ՀՅԴաշնակցության ճնշման պայմաններում, յուրաքանչյուրն իր շահերից դրդված:

Թվում էր:

Այս կուսակցության մեջ օրերս բացահայտված սկանդալներից ամենածանրակշիռը, միաժամանակ ամոթալին, իմ կարծիքով, այն է, որ ներքին ընտրություններումՙ խորհրդարանում կուսակցության ընտրացուցակի տեղերը որոշելիս, թույլ են տրվել աղաղակող օրինախախտումներ, զեղծումներ: Անգամՙ որոշ անդամների կուսակցությունից վտարման որոշումը կայացել է կանոնադրության խախտմամբ ու ենթակաների բացակայությամբ: Դա ռամկավարության ամենակոպիտ խախտումներից է:

Փաստորեն, կուսակցությունը, որի ներկայացուցիչները միշտ գերզգայնություն են դրսեւորել ընտրակեղծիքների, նախընտրական ու հետընտրական օրինախախտումների նկատմամբ, հանուն արդարության պայքար են մղել խորհրդարանում, ընտրական հանձնաժողովներում եւ այլուր, բարձրաձայնել դեմոկրատական արժեքների եւ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, նույն, չարամետ խախտումներն են գործել կուսակցության ներսում, ջարդուփշուր անելով մի օր մեր երկրում կատարելապես արդար եւ օրինակելի ընտրություններ ունենալու մեր հույսերը:

Ի տես այս ամենի, կարծում եմ, տեղին է հիշել Քրիստոսի խոսքը. «Իսկ եթե աղն իր համը կորցնի, ինքն ինչո՞վ պիտի աղվի»: Եթե օրինախախտումների դեմ պայքարողներն են այսպիսի վարմունք դրսեւորում պաշտոնի, դիրքի, անձնական կամ խմբային շահի համար, հասարակությունը ո՞ւմ հետ է կապելու իր հույսերը:

Իսկապես տխուր է այս բոլորը:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4