ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին` մասնավորապես օգոստոսի 31-ին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նախաստորագրված փաստաթղթին:
Իրականում, ըստ Տիգրան Կարապետյանի, Արցախի հիմնախնդիրը կապված է Թուրքիայի հետ, որովհետեւ պայմանագրի մեջ կա կետ, որ կողմերը պետք է նպաստեն տարածաշրջանի խաղաղությանը եւ գործընթացներին. «Գործընթացներին նպաստելով` Թուրքիան ներգրավվում է այդ շրջանակների մեջ: Փաստորեն ինքն արդեն համաձայնություն ունի մասնակցելու տարածաշրջանի գործընթացներին: Թուրքիան կարող է ընդհանուր համաձայնություն ունենալ եւ խառնվել մեր գործերին»:
«Ազգ»-ի այն հարցին, թե ուրիշ ի՞նչ վտանգավոր եւ վիճահարույց կետեր է տեսնում Տիգրան Կարապետյանը փաստաթղթում, եւ ընդհանրապես որքանո՞վ է փաստաթուղթը հասկանալի հայ հասարակության համար, վերջինս նշեց. «Ամենագլխավորը Ղարսի պայմանագիրն է: Եթե մենք մինչեւ այսօր ոչ մի պայմանագիր չենք կնքել, մենք կարող ենք վիճարկել Ղարսի պայմանագիրը: Այն պահից, որ մենք հաջորդ պայմանագիրն ենք կնքում, արդեն լեգիտիմացնում ենք Ղարսի պայմանագիրը` ուզենք, թե չուզենք»:
«Ազգ»-ի մյուս հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու քայլերում նմանություն կա՞ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության մեջ, Կարապետիչը նշեց. «Ամեն դեպքում Թուրքիայի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը շատ նման է իշխանական դիրքորոշմանը, ու իրենք դա չեն էլ հերքում: Իրենք ասում են, թե մեթոդները իբր հիմա մաքուր չեն: Այն ժամանակ մաքուր էին մղումները: Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ այդ թիմը, կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալուն»:
Արձանագրություններից, Կարապետյանի կարծիքով, Հայաստանը միայն մի բան է շահում. եթե այժմ կա մեկ ճանապարհ` Վրաստանի միջոցով, ապա այն ժամանակ կավելանա նաեւ Թուրքիայի ճանապարհը, որը, մեծ առումով, տարբերություն չի տալիս:
Սակայն, եթե Միացյալ Նահանգները ցանկանա, ըստ Տ. Կարապետյանի, ապա կարող է հեշտությամբ երկու ճանապարհներն էլ փակել: Այստեղ Հայաստանի համար այլընտրանքը Իրանն է, ոչ թե Թուրքիան:
«Արտաքին ճնշումներ կան, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության օրոք շատ ձգեց հարցերը, կուտակեց, եւ դա ժառանգեց Սերժ Սարգսյանը: Հիմա այդ հարցերի շուրջը ճնշում կա: Ճնշում կա ե՛ւ ՌԴ-ից, որը չի ցանկանում, որ ամերիկյան ճանապարհային քարտեզը գործի, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի միջոցով դուրս գալ Կասպից ծով եւ Միջին Ասիա», նկատում է ակումբի հյուրը:
Տիգրան Կարապետյանն ասուլիսում եւս մեկ անգամ բարձրաձայնեց, թե «Ժառանգություն» կուսակցությունը «ամերիկյան պրոեկտ է»:
Նրա խոսքերով, այսօր արդեն արդիական չէ «Ժառանգություն» կուսակցության թեման, քանի որ որպես կուսակցությունՙ չկա, «վարկաբեկված է»: Իսկ ընկածներին, ինչպես նշեց Կարապետիչը, չեն հարվածում:
«Կուսակցությունում այդպես էլ պետք է լիներ: Ուղղակի ընտրվելուց առաջ իրենց առաջարկել են մի քանի հոգու այլ ճամբարից վերցնել, իրենք վերցրել են, իսկ հիմա չեն կարողանում նրանց հետ լեզու գտնել», մեկնաբանեց Կարապետիչը:
Ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած են Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, իսկ մյուսները, Հովհաննիսյանի հետ «երբեւէ մտերիմ չեն եղել»:
Խմբակցության անդամի մանդատը վայր դնելը, ըստ Տ. Կարապետյանի, նշանակում է, որ Հովհաննիսյանը չի ցանկացել վարկաբեկվել կուսակցության հետ:
Ժողովրդական կուսակցության նախագահը նշեց, որ Ր. Հովհաննիսյանը հանրապետության առաջին նախագահին «մեծ ծառայություն» է մատուցել, որ քաղաքական առումով հետ է նահանջել: Եթե առաջ, ըստ նրա, Ր. Հովհաննիսյանը ընդդիմադիր դաշտը կիսել է Լ. Տեր-Պետրոսյանի հետ, ապա այսօր «զրոյանալով»` բողոքական դաշտն ամբողջովին թողնում է Լ. Տեր-Պետրոսյանին:
Ինչ վերաբերում է խորհրդարանում արձանագրությունների քննարկման ու վավերացման վերաբերյալ ՀՅԴ-ի բացասական պահանջներին, ապա ԺԿ նախագահը, նշելով, որ իր կուսակցությունը գաղափարապես մոտ է դաշնակներին, ասաց, որ իրենք էլ են պատրաստվում քաղաքական ակցիաներ կազմակերպել:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ