Ուշացումով, սակայն ՕԵԿ-ն էլ արձագանքեց հայ-թուրքական արձանագրություններին: Թեպետ Հեղինե Բիշարյանը լրագրողներին ասաց, որ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ զանգվածային որոշ լրատվամիջոցների հարցազրույցներ են տվել, այնուամենայնիվ խնդրի կապակցությամբ ՕԵԿ-ը պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել: Սա էլ ունի իր բացատրությունը: Լուրեր էին պտտվում, որ ՕԵԿ-ում չգիտենՙ ինչ ասեն կամ ինչպիսի դիրքորոշում ստանձնեն հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման վերաբերյալ ու միայն շատերի կարծիքը լսելուց հետո են որոշել հայտարարությամբ ներկայանալ:
Ինչեւէ, հարցերի պատասխանը երեկ տվեց խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Անսպասելի ոչինչ նրա խոսքերում չկար. «ՕԵԿ-ըՙ ի դեմս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, ողջունում է արձանագրությունները: Սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու պատրաստ է աջակցել», ասաց նա:
Նա դրական է գնահատում, որ կոալիցիոն բոլոր ուժերը համակարծիք են ու սատարում են իշխանություններին: Չգիտեսՙ ինչպես է Բիշարյանը նկատել է, որ արձանագրության վերաբերյալ քննադատության օղակը կամաց-կամաց թուլանում է, երբ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները` Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» հանդես են եկել սուր քննադատությամբ: Դաշնակցությունը պահանջում է արտգործնախարարի հրաժարականը, իսկ «Ժառանգությունն» առաջարկում է հանրաքվե անցկացնել: Բիշարյանն առաջարկում է նախ օգտագործել հնարավորություններըՙ կարգավորելու հարաբերությունները, «հետո կմտածենք դետալների մասին»: ԱԺ պատգամավորը որեւէ վտանգ արձանագրություններում չի տեսնում: Մտահոգությունները սահմանների ճանաչման եւ պատմաբանների միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որոնց մասին շատերն են խոսել, ՕԵԿ-ին ընդհանրապես չեն անհանգստացնում: Ընդհակառակը, Բիշարյանը նկատում է, որ հանձնաժողովների ստեղծումը ավելի շատ օգուտ կտա Հայաստանին, քան վնաս: «Հանձնաժողովը կօգնի ուսումնասիրել փաստեր, որոնք ունենք ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Դա ի շահ մեզ է», վստահ է նա:
Թե ինչ պայմաններում ՕԵԿ-ը Ազգային Ժողովում դեմ քվեարկի արձանագրության հաստատմանը, Բիշարյանի պատասխանն ընդհանրական էր. դեմ կքվեարկեն եթե հակահայ որեւէ բան լինի, սակայն արձանագրությունների հիմքում այդպիսի բան չեն տեսել: Այս պահին կարծես Բիշարյանի թիվ մեկ խնդիրը սահմանի բացման հարցը լուծելն է, որ տնտեսական մեծ օգուտ կտա երկրին: «Սահմանի բացումը կարեւոր է տնտեսական առումով, կավելանա նաեւ զբոսաշրջիկների թիվը»:
Հեղինե Բիշարյանի խոսքերից կարելի էր ենթադրել, որ իրավապահ մարմիններին այնքան էլ չի հետաքրքրում, թե ով էր նախագահական ընտրություններից առաջ ցանկանում մահափորձ իրականացնել Արթուր Բաղդասարյանի դեմ: Այդ ժամանակ Բաղդասարյանն իր նկատմամբ կատարված մահափորձի մեջ մեղադրում էր Սերժ Սարգսյանին: «Չէի ուզենա Սերժ Սարգսյանին խառնել այս գործին, թող պատասխան տան նրանք, ովքեր կատարել են մահափորձը», այսպիսին էր Հեղինե Բիշարյանի պատասխանը հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է քրեական գործը: Նա խորհուրդ տվեց այդ մասին դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի տեղեկություն տրամադրեն, թե որ փուլում են իրենց ուսումնասիրությունները: ՕԵԿ նախագահը տեղյակ չէր, թե որ փուլում է գործընթացը:
Հեղինե Բիշարյանը չի խառնվում «հարեւանների» կյանքին
«Երբ հարեւանի ընտանիքում ինչ-որ վեճ է լինում, հաճելի չէ, որ խառնվես այդ ընտանիքի վեճերին», անդրադառնալով «ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող պառակտումներինՙ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ