Վարչապետը նշեց, որ այդ նպատակի համար պետք է լուրջ միջոցներ նախատեսել
Հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնների դիմաց տրվող չորրորդ եռամսյակի պարգեւավճարներիՙ բոնուսների համար նախատեսված 543 մլն 500 հազար դրամը կառավարության որոշմամբ երեկ տեղափոխվեց երրորդ եռամսյակ, քանի որ 9 ամսվա համար նախատեսված գումարը բավարար չէ ապահովելու քաղաքացիներին տրվող պարգեւավճարները: Անդրադառնալով այս որոշմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այն, փաստորեն, արձանագրում է քաղաքացիների սպասածից շատ ավելի մեծ հոսք դեպի պետեկամուտների կոմիտե: «50 հազար քաղաքացի ստացել է եւ ստանալու է բոնուսները: Նաեւ արձանագրում ենք, որ պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ հավաքել է լրացուցիչ 5 մլրդ դրամ», փաստեց վարչապետը, ավելացնելով, որ այս գործառույթն էապես նպաստում է ստվերային տնտեսության նվազմանը: Տիգրան Սարգսյանի կանխատեսմամբ, չորրորդ եռամսյակում այս հոսքը ավելանալու է, եւ կառավարությունն ավելացնելու է բոնուսների ձեւով քաղաքացիներին տրվող գումարները:
«Սայլը տեղից շարժվեց, կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետեւ պահանջում են, որ ՀԴՄ-ները աշխատեն եւ իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց: Իհարկե, մենք արդյունքում կտրուկ ավելացնում ենք բյուջետային ծախսերը, բայց մյուս կողմից էլ կտրուկ ավելանում են մուտքերը, որոնք նախկինում չէինք կարողանում ապահովել: Դրա համար անհրաժեշտ է գումարները չորրորդ եռամսյակից տեղափոխել երրորդ եռամսյակ: Նաեւ ենթադրվում է, որ 2010թ. առաջին եռամսյակում էլ պետք է արդեն լուրջ միջոցներ նախատեսենք, որովհետեւ առեւտուրը չորրորդ եռամսյակում միշտ շատ ավելի մեծ ծավալների է հասնում: Դա նշանակում է, որ առաջին եռամսյակում մենք արդեն 50 հազարից ավելի քաղաքացիներ կունենանք, որոնք կստանան բոնուսներ», եզրափակեց վարչապետը:
Ա. Մ.