«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2009-09-09 | #162, 2009-09-10 | #163, 2009-09-11


ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԵՆ

«Ազգը» հյուրընկալել էր «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանին: Դժվար գտնվի մեկը, որը գեթ մեկ անգամ լսած կամ ունկնդրած չլինի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարումները ու հիացած չլինի: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանի հետ մեր զրույցը ընթացավ աշուղական արվեստի շուրջը:

Թովմաս Պողոսյանը ծնվել է հոգեւորականների ընտանիքումՙ Տեր-Պողոսյան գերդաստանում: Հոգեւոր երգերի հետ մեկտեղ նրա ընտանիքում հնչել է ժողովրդական եւ հատկապես աշուղական երգը: Փոքրիկ Թովմասը մանկուց, իր տատից, հորից, հորեղբորից լսել է աշուղ Ղարիբի, Ասլի Քայրամի, Աղվան Օսանի եւ այլոց հորինվածքները: Նրա նախապապըՙ Տեր Մկրտիչ քահանա Տեր-Պողոսյանը, 1828-30-ական թվականներին Ալաշկերտի Մոլեսման գյուղից վերաբնակվել է Լոռվա Սարջաբետ գյուղ, որտեղ էլ ծնվել է Թովմասը: Սակայն նրանց ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ էլ Թովմասը ուսանում է թիվ 110 միջնակարգ դպրոցում:

Միջնակարգը ավարտելուց հետո վերջնականապես տեղափոխվում են Հայաստան ու 1971-ից հիմնովին հաստատվում հայրենիքում: Բնական էր, որ Թովմասին ձգում էր աշուղական ու հոգեւոր դաշտը, եւ ահա նա ուսումնառության է մտնում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարան, իսկ 1980-85-ին ավարտում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Ուսումնառության տարիներին զուգահեռ Թովմասը երգել է «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում, այնուհետեւ հայ երգարվեստի մեծ երախտավոր Էմմա Ծատուրյանի հրավերով շուրջ 15 տարի աշխատել է «Թաթուլ Ալթունյանի» անվան երգի-պարի պետական անսամբլում:

«Իմ խորին համոզմամբ եւ ուսումնասիրություններիս արդյունքում, տարածաշրջանում ամենահարուստ աշուղական արվեստ ունեցող ժողովուրդն ենք: Եվ հանիրավի, դեռ սովետական տարիներին աշուղական արվեստը մնացել էր բոլոր հաստատություններից դուրս, ընդամենը կցորդի կարգավիճակում: Դրա լավագույն փաստն այն է, որ ունեցել ենք շատ քիչ աշուղագետներ: Եվ հենց դա էր պատճառը, որ որոշեցի ինչ-որ կերպ լրացնել բացը ու զբաղվել աշուղագիտությամբ, այդ արվեստի զարգացմամբ ու սերունդներին մեր եղած ժառանգությունը փոխանցելու բարդ ու դժվարին, բայց նվիրական գործով:

Ասեմ, որ մշակութային այդ ճյուղըՙ աշուղագիտությունը, մեզանում առկա է 14-15-րդ դարերից մինչեւ այսօր: Մեր անվանի ու անկրկնելի աշուղ Ջիվանու շնորհիվ համաարեւելյան այդ արվեստը վերջնականապես ազգայնացվեց»:

Թովմաս Պողոսյանը 1985-ից սկսեց ուսումնասիրել հայ աշուղական արվեստը ու նրա զարգացումները: Երկար տարիներ աշխատելով Երեւանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի ֆոնդերում, ուսումնասիրելով նաեւ հայ աշուղների տարբեր արխիվային հավաքածուներՙ Ջիվանի, Գարեգին Լեւոնյան, Թորոս Ազատյան, Ավ. Իսահակյան, Շարա Տալյան եւ բազմաթիվ փաստեր ձեռքի տակ ունենալով, իրականացրեց իր վաղեմի երազանքըՙ վերականգնել «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը:

1995-ին էլ ստեղծեց «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, նպատակ ունենալով խթանել հայ աշուղական արվեստի ուսումնասիրությանը, կատարմանը, քարոզչությանը, պահպանմանը, փոխանցմանն ու զարգացմանը: Հենց այս նպատակների իրագործման ճանապարհին ստեղծվեց նաեւ Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997-ին): Այն որոշվեց Ջիվանու անունով կոչել, քանզի հենց Ջիվանին է եղել աշուղական ազգային դպրոցի հիմնադիրը: Նրանից հետո մեր բոլոր աշուղներըՙ ի պատիվ Ջիվանու, դարձան նրա սկզբունքների կրողն ու հետեւորդները:

Երեկ, սեպտեմբերի 10-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ Ջիվանու մահվան 100-ամյակին նվիրված հիշատակի համերգ-երեկո, որի ընթացքում «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը հանդես եկավ Ջիվանու բազմաթիվ երգերից կազմված համերգային ծրագրով: Երեկոյի ամենակարեւոր մասը դարձավ մեծն Ջիվանու մինչեւ օրս անհայտ 450 աշուղական երգերի նորատիպ ժողովածուի շնորհանդեսը: Այս եւ եւս 40 այլ երգերի (որոնք գրված են թուրքերենՙ Ջիվանու կողմից, եւ որոնք ժողովածուում չեն ներառված) ուսումնասիրությունների ու հավաքագրման, վերծանման աշխատանքների վրա Թովմաս Պողոսյանը տքնել է տասնյակ տարիներ եւ արդյունքում առաջին անգամ հայ երաժշտասերների դատին է հանձնում աշուղական անդրանիկ ժողովածուն:

«Ազգի» այն հարցին, թե այդ 450 աշուղական երգերից քանի՞սը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մոտ ապագայում լսելու, պրն Պողոսյանն ասաց. «Նախ պետք է ջանանք հնարավորինս վերականգնել այդ ստեղծագործություններից գոնե որոշ մասի մեղեդիները: Դա, իհարկե, շատ բարդ աշխատանք է, եւ եթե լավագույնս չտիրապետես աշուղական արվեստի տաղաչափական ձեւերին, կանոններին, դասական մեղեդիներին, հնարավոր չի լինի Ջիվանու հուշումները իրագործել»: Ուրախալի փաստ է, որ արդեն մեկ աշուղական երգ վերծանվել է ու փրկվել ոչնչացումից, եւ այդ աշխատանքները շարունակվում են:

«Ազգի» հարցին, թե արդյո՞ք բացի իրենից մենք ունենք աշուղագետ-մասնագետներ, նա ասաց. «Պետք է նշեմ Շավիղ Գրիգորյանին, որը լավ գիտակ է, մեծ վաստակ ունի աշուղական արվեստում, բայց նա բանասեր է, երաժիշտ չէ: Իսկ աշուղական արվեստը պահանջում է ե՛ւ բանասերի, ե՛ւ երաժշտի խտացված համադրությունը»:

Իսկ կոնսերվատորիայում աշուղական արվեստի բաժին բացելու անհրաժեշտության մասին ասաց. «Դժվարանում եմ պատասխանել: Բայց ասեմ, որ այսօր կոնսերվատորիայում գործում է ազգային նվագարանների եւ հայ երգեցողության բաժին, սակայն այդ բաժնին ղեկավարությունը «քաղցր աչքով» չի նայում: Եթե իմանայիք, թե ի՞նչ դժվարությամբ է կոնսերվատորիա մտցվել «Հայ աշուղական արվեստ» առարկան Մարգարիտա Բրուտյանի եւ Արզաս Ոսկանյանի ջանքերով ու պայքարով: Իսկ ինչո՞ւ այդպես պետք է լինի, չէ՞ որ կոնսերվատորիան հայկական է: Եվ ինչպե՞ս կարող է հայ կոնսերվատորիան ավարտած հայ կոմպոզիտորը լինի լիարժեք, եթե Կոմիտասին զուգահեռ չի ուսումնասիրել Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ... Ինչպե՞ս կարող է հայ կոմպոզիտորը քաջատեղյակ չլինել Շնորհալուն, Նարեկացուն, Մագիստրոսին եւ մեր մեծ շարականագիրներ Մաշտոցին, Խորենացուն, Խոսրովադուխտին... եւ շատ-շատերին ու դառնա մեծ սիմֆոնիստ, կամ գրի օպերա, միայն եվրոպական դասականներին ճանաչելով: Իսկ ո՞ւմ է պետք անդեմ արվեստը, անդեմ արվեստը ոչինչ է, ոչ մեկինը չէ: Հաճախ իրենց թվում էՙ դա բոլորինն է: Իսկ իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր արվեստի տեսակ պետք է ունենա ազգային որոշակի հատկանիշներ: Այ հենց դրանով է նա դառնում համամարդկային»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4