Հարգելի՛ խմբագրություն
Այս նամակը ես երեկ պիտի գրեիՙ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ին ռուսական «Վեստի» (ՕՐՏ) ծրագրով տրված հաղորդումից հետո: Զայրույթս ահավոր էր, մտքումս փնտրում էի բողոքի համապատասխան հուժկու խոսքեր, որ հղեի Իսրայելում Ռուսաստանի դեսպանին, հետո մտածեցիՙ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, իրենՙ «Վեստի»-ին, էլ չգիտեմՙ ո՞ւմ, որտե՞ղ... օգնության հասավ հարեւանս` բժիշկ (երեւանցի) ընկերս... ճնշումս էր բարձրացել: Օգնեց եւ խորհուրդ տվեց. «Հիմար, անլուրջ բաները սրտիս մոտ չնդունեմ»: Է՛հ...
Այսօր, երբ «խելքս գլուխս եկավ», այնուամենայնիվ որոշեցի դիմել Ձեզ` «Ազգ»-ին, քանզի այս հարցը իր տեսակի մեջ իսկապես ազգային է...
Սեպտեմբերի յոթին, Մոսկվայի ժամանակով ժամը 14-ին եթեր դուրս եկած «Վեստի» ծրագրի վերջում պատմեցին Մադրիդում հսկայական հաջողություն ունեցած «Սպարտակ» բալետի մասինՙ Մեծ թատրոնի կատարմամբ: Գովերգվեցին «կորդո» բալետը, մենակատարները, բեմականացումը եւ հատկապես բեմադրող ռեժիսոր Գրիգարովիչը (խոնարհվում եմ), անգամ հանդիսատեսը, եւ վերջում եզրափակվեցՙ «Այսպիսին է Գրիգարովիչի «Սպարտակը»: Հազար օրհնանք քեզ, Պարույր Սեւակ, «դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»: Պատկերացնո՞ւմ եք. մոտ յոթ րոպե տեւած այդ հաղորդման մեջ «կես բերան» անգամ չհիշատակվեց հանճարեղ երաժշտության հանճարեղ հեղինակ Արամ Խաչատրյանի անունը:
Ի՞նչ է սաՙ պատահականությո՞ւն, անգրագետ տհասության արդյո՞ւնք, թե՞ միտումնավորություն: Արդյոք «այս գիծը» նպատակային չէ՞, որպեսզի կամաց-կամաց, աստիճանաբար ջնջեն մարդկանց հիշողությունից Մեծ հայի անունը եւ փոխանցեն ապագա սերնդին, որպես հեղինակի, չգիտեմ ինչՙ «ով» վերջավորությամբ ավարտված ազգանուն: Քանի՞ տարի պետք եղավ, որ «կորզվի խոստովանանք» Այվազովսկու հայ լինելու առթիվ, միայն Այվազովսկո՞ւ...
Երբ որեւէ երաժշտասեր հարցնում է, թե ըստ իս, որն է Արամ Խաչատրյանի ամենալավ ստեղծագործությունը, պատասխանել եմ, ասում եմ եւ կասեմՙ նրա ամենամեծ, հանճարեղ ստեղծագործությունը այն էր, որ... կտակեց իր մարմինը հաձնել մայր հողին: Հեռատես Մեծ հայը հասկացել էր, որ իրենից հետո........«Վեստին»ՙ ձեզ օրինակ...
Հարգելի՛ խմբագրություն
Խնդրում եմ Ձեր միջամտությունը, հորդորանքն ու աջակցությունըՙ հանդես գալու առաջարկով մշակույթի նախարարության առջեւ, որպեսզի վերջինս բացատրություն պահանջի «Վեստի»-ից: Համոզված եմՙ նյութս հրատարակվելուց հետո արձագանքները իրենց սպասել չեն տա:
Հարգանքներովՙ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
Հ.Գ. 2001-ին, Մոսկվայում, Մեծ թատրոնի 225-ամյակին նվիրված տոնական պետական համերգին, գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր Գ. Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ կատարվեցին Չայկովսկու, Պրոկոֆեւի, Շոստակովիչի, Մուսորգսկու (բոլորի առջեւ էլ խոնարհվում եմ) ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանի «Սպարտակը», որը «ծնված» օրից վար չէր իջել «Բոլշոյի» բեմիցՙ այդ օրը ՉԿԱՐ...