«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2009-09-09 | #162, 2009-09-10 | #163, 2009-09-11


ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ՏԱՐԻՔԱՅԻՆ ԻՐ ԽՄԲՈՒՄ

Հայկական պատանեկան շախմատում փառահեղ նվաճում գրանցվեց: Վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն Իտալիայի Ֆերմո քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում դարձավ մինչեւ 18 տարեկանների մրցաշարի հաղթող: Եվրոպայի չեմպիոնի հարցը պետք է վճռվեր ավարտական տուրում: Սամվելը սպիտակներով հաղթեց ռումինացի Քրիստիան Չիրիլային եւ վաստակեց 7,5 միավոր: Նույնքան միավոր իր օգտին գրանցեց նաեւ իսպանացի Դավիթ Ռեկուեռոն: Սակայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը գերազանցեց նրան եւ արժանացավ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, ինչի առիթով շնորհավորում ենք Սամվել Տեր-Սահակյանին: Տարիքային այս խմբում Հայաստանի մյուս երկու մասնակիցներից Հայկ Վարդանյանը 5,5 միավորով զբաղեցրեց 20-րդ տեղը, իսկ Դավիթ Գեւորգյանը 5 միավորով 39-րդն էր:

Չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ուներ նաեւ մեր ամենակրտսեր մասնակիցներից մեկըՙ Միքայել Մկրտչյանը: Ցավոք, նա ավարտական տուրում սպիտակներով պարտվեց ֆրանսիացի Ֆրանչեսկո Ռամբալդիին, ինչը Միքայելին զրկեց նույնիսկ մրցանակային տեղից: Հայ պատանին 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Արման Պետրոսյանը 6,5 միավորով 7-րդ տեղը գրավեց, իսկ Սուրեն Գեսյանը 5 միավորով 31-րդն էր: Եվրոպայի չեմպիոն դարձավ հունգարացի Բենջամին Գլեդուրան, որը թեեւ ավարտական տուրում պարտվեց Իգոր Կուդելիային, սակայն վերջինս Եվգենի Շտեմբուլյակին եւ Ֆրանչեսկո Ռամբալդիին գերազանցեց լրացուցիչ գործակիցներով: Չորս շախմատիստներն էլ վաստակել էին 7-ական միավոր:

Մեդալակիր դառնալու հնարավորություններ ուներ նաեւ մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Վահե Բաղդասարյանը: Սակայն նա էլ ավարտական տուրում անհաջողության մատնվեցՙ վճռորոշ պարտիայում զիջելով իրենից կես միավոր ավելի ունեցող եւ աղյուսակը գլխավորող իսրայելցի Գիլ Պոպիլսկուն: Վերջինս էլ 8 միավորով չեմպիոն հռչակվեց, իսկ Վահե Բաղդասարյանը 6,5 միավորով գրավեց 4-րդ տեղըՙ զրկվելով մեդալից: Նույնքան միավոր վաստակած Ռոբերտ Աղասարյանը, որ ավարտական տուրում հաղթեց Անդրեա Ստելային, գրավեց 8-րդ տեղը:

Տարիքային մյուս խմբերում հանդես եկած մեր շախմատիստները համեստ ցուցանիշների հասան: Հատկապես թույլ խաղացին աղջիկները: 8 հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքի հասավ մինչեւ 12 տարեկանների մրցաշարի մասնակից Սիրանուշ Ղուկասյանը, որը 5 միավորով զբաղեցեց 34-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4