Երբ ծագումով ադրբեջանցի ռուսաստանաբնակ գործարար Թելման Իսմայիլովը վերջերս բացեց իր հյուրանոցային համալիրը Թուրքիայում, բացման կապակցությամբ հրավիրեց Պերիս Հիլթոնին, Շերոն Սթոունին, Ռիչարդ Գիրին եւ հոլիվուդյան այլ աստղերի:
Մեկ ամիս էլ չանցածՙ 52-մյա Իսմայիլովը հավանաբար զղջացել էր իր ցուցաբերած ավելորդ շքեղության համար, որովհետեւ նրա քայլերը դուր չեն եկել անձամբ ՌԴ վարչապետ Վ. Պուտինին: Վարչապետն անչափ զայրացել է առկա ֆինանսական ճգաժամի պայմաններում օտար երկրում Իսմայիլովի արած ներդրումների փաստից:
Հյուրանոցային համալիրի («Մարդան-Փալաս») բացումից մի քանի օր անց Պուտինն իր դժգոհությունն է հայտնում պաշտոնյաներին, որ Իսմայիլովին պատկանող մեկ այլ բիզնեսի` Չերկիզովյան հայտնի շուկայում կատարված ստուգումներից հետո ձերբակալություններ չկան: Ի դեպ, այս ստուգումները բացահայտել են ռեկորդային քանակի հասնող մաքսանենգ ապրանք:
«Ձերբակալել ինչ-որ մեկինՙ այ սա կլիներ արդյունք». սրանք Պուտինի խոսքերն են կառավարության նիստում: Դատախազությունը անմիջապես մի քանի սահմանապահների նկատմամբ քրեական գործ հարուցեց` «ապրանքի ապօրինի մուտքագրում» մեղադրանքով:
«Շուկան կոռուպցիայի, ապօրինության եւ այլ զանազան հանցագործությունների աղբյուր է», հայտարարեց ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը:
Ռուսական պետական հեռուստաալիքներով հայտարարեցին, որ այդ հսկայական շուկայում միլիարդավոր դոլարներ են «կորել»:
Անձամբ Իսմայիլովին, սակայն, ոչ մի բանում չեն մեղադրում: Վերջինիս այնուամենայնիվ անհանգստացրել է վարչապետի «հետաքրքրությունն» իր անձի նկատմամբ, եւ նա հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի մաքսանենգ ապրանքների հետ. «Ես շուկայի տերն եմ, ոչ թե այնտեղ վաճառվող ապրանքների». ասել է շուրջ 400 միլիոն ֆունտ ստեռլինգ կուտակած գործարարը:
«Մարդան-Փալասը» անվանվել է Իսմայիլովի հոր պատվին, այն ներառում է անհատական լողափ, որի համար Եգիպտոսից բերվել է 8800 տ ավազ: Լողավազանում կարող է լողալ միանգամից 1000 մարդ:
Վերջերս Պուտինը ներկա էր նաեւ «Սելիգեր-2009» երիտասարդական ֆորումին, որին մասնակցած երիտասարդներին ՌԴ Երիտասարդների հարցերով ֆեդերալ գործակալության նախագահ Վ. Յակեմենկոն հանձնել էր «հատուկ ցուցակ», որի մեջ ընդգրկվել էին այն բառերը, որոնք «չի կարելի» ասել Պուտինի մոտ: Դրանք են. «Մեդվեդեւ, փող, նախագահ, պետպատվեր, կործանվող, ոչ շահութաբեր, վատ, տվեք, ուզում եմ, օգնեք»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ